Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նատոյի աչքը պիտիս քոռ ճամփին պահի․ էդպես բան չի՛ ըլի․ պսակվի՛ իժում աստված բարի ճանապարհ տա, ուր ուզումիս՝ գնա։

— Հիմա ձեռքումս փող չունիմ, որ հարսանիք անեմ, ինչպես պսակվեմ,— հարցրուց երիտասարդը։

— Ասում իս, վուր ձեռիդ փուղ չունի՞ս, բան չկա, ես մի քանի թուման պարտք կանեմ, կու մխսիմ ու քու լայաղ հարսանիք կոնիմ։

Ջումշուդ-բեկի նպատակն էլ հենց այդ էր, թեև նա խորամանկությամբ պատճառում էր յուր գնալն, որպեսզի որքան կարելի է շտապեցնե հարսանիքը։

— Շատ լավ, դեդի ջան, ես քո խոսքը չեմ կոտրի, ինչպես ասում ես, էնպես կանեմ, բայց դու էլ շտապիր, որ ինձ շատ չուշացնես այստեղ։

Շուշանն ուրախացավ, գրկեց յուր փեսացուն։

— Ջումշուդ ջան, ես էգուցեվետ կու տեսնեմ հարսանիքի թադարեքը։

Նատոն, որ հեռու կանգնած լսում էր այդ խոսքերը, դուրս գնաց սենյակից խորին հուսահատությամբ։ Նա նստեց բակի խավարումն յուր սովորական տախտակի վրա, երկար լաց էր լինում և ա՜խ ու վախ քաշում, երբ ճրագը ձեռին յուր արհեստանոցից դուրս եկավ նրա հայրը։ Նա իմացավ յուր դստեր դարդը, բռնեց նրա ձեռքից։— Գնանք, Նատո ջան, էստեղ մի՛ նստի, ցուրտ է, կմրսես,— ասաց նա ներս տանելով նրան սենյակը։

Է

Անցավ մի ամբողջ շաբաթ Ջումշուդ֊բեկի հոր մահվան լուրը հայտնվելուց։

Մի գիշեր Շուշանի քրոջ Սոփոյի տունը սովորականից փառավոր կերպարանք էր ստացել։ Սենյակները լուսավորված էին ճրագներով։ Եռ էր գալիս բազմությունը գույնզգույն հագուստներով։ Ամեն տեղ ուրախությամբ փայլում էին երեսները։ Լսելի էին լինում երգի, զուռնայի և նաղարայի ձայներ։ Նատոյի հարսանիքն էր։ Շուշանի տունը փոքր լինելու համար, այստեղ էր կատարվում հանդեսը։ Այս և այն անկյուններում,