— Եղբայրը, ճշմարիտն ասած, դուք խիստ հիմար գաղափարների եք ծառայում, մի խոսքով դուք լոկ օդ եք կուլ տալի, իսկ այդ ձեր փորին սնունդ չի տալ, պետք է ժամանակի հանգամանքների հետ ընտելանալ և արևահայաց ծաղկի նման արևը ո՛ր կողմից ծաղկե, դեպի այն կողմը պետք է շրջել յուր դեմքը։
— Դեպի ամեն կողմ թեքվել, դեպի ամեն կողմ խոնարհվիր այդ կատարյալ կապկություն է, — խոսեց Արամյանը։ — Մինչդեռ պատիվը պահպանելը միշտ եղել է և պիտի լինի սուրբ։
— Աղքատը ոչինչ պատիվ չունի,—պատասխանեց Դիաչկովյը պատիվը արծաթի մեջ է և առանց ձեր ասած կապկության չէ կարելի արծաթ վաստակել։
— Ուրեմն ամենայն սուրբ բան պիտի զոհել արծաթին։
— Այո՛, որովհետև նա միակ գերագույն սրբազան էակն է տիեզերքում, — վճռական կերպով պատասխանեց Դիաչկովը։
— Ահա՛ քեղ լոգիկա, — ծիծաղելով խոսեց Արամյանը։
— Եղբայր, դու ուղիղ ես, — դարձավ դեպի Դիաչկովը Քաջբերունին,— կյանքի մեջ դու քո դասը ավելի լավ ես սերտել, քան թե մենք, դու գնում ես մի ճանապարհով, որտեղից խուժանը ստեպ ընթանալով դարձել է հարթ և հավասար, բայց մեր ճանապարհը փշոտ է և շատ էլ բանուկ չէ...։ Դու պաշտիր արծաթը, քո աստվածը, մենք էլ ունինք մեր հպարտությունը և գոհ ենք մեր աղքատությամբ։
— Դրանք թող մնան, դատարկ խոսքեր են, չարժե խոսել դրանց վրա, — նրա խոսքը կտրեց Դիաչկովը։— Բայց ես, պարոն Քաջբերունի, հատկապես եկա ձեզ մոտ, շնորհակալ լինել քո հիվանդության համար։ Բոլորովին ճշմարիտ է առակը, թե «մեկի դժբախտությունը մյուսին բախտավորում է»։ Այո', քո փառավոր հիվանդությունը պատճառ տվավ քեզ և նախանձավոր ընկերիդ հեռանալ Կոջորից և թողնել այնտեղ ձեր նվիրական կացարանը բոլորովին իմ տիրապետության ներքո, որի մեջ մի անկյուն ինձ տալու դուք զլացաք։
— Այդ խոսքերով ի՞նչ ես կամենում ասել,— շտապով հարցրեց Արամյանը։
— Այն, — պատասխանեց Դիաչկովը՝ ուղիղ նայելով Արամյանի երեսին, — ինչ որ ես ցանկանում էի, այսինքն՝ իմ դրացությունս առիթ տվավ ինձ ծանոթանալ Հացի-Գելենց, հետևապես նաև օրիորդ Սոֆիի հետ։ — Այդ մի մեծ բախտ չէր, Թաթոս Իվանիչ, — պատասխանեց