Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձուկ ուտո՞ւմ են։

— Ուտում են։

— Ուրեմն դու այդ ձկներից կեր, շատ լավ պատրաստված են։ Այստեղ ձուկը լավ են պատրաստում։

— Այստեղ մածուն չէ՞ լինում։

— Չէ լինում։

— Թող ինձ մի կտոր պանիր տան, ես պանիրն ավելի եմ սիրում։

Իշխանապետյանցը հրամայեց, որ պանիր տան։ Մշեցի պատանին սիրում էր Մուշի պարզ կերակուրները։ Նա սովորած չէր այս տեսակ համադամ խորտիկների։

Իշխանապետյանցը լցրեց երկրորդ բաժակը, նույնպես կիսատ, և խորհուրդ տվեց, որ ջուրը փոքր-ինչ ավել խառնե։ Օհանը կատարեց նրա պատվերը, և իրավ, նա զգաց, «որ պատմական խմիչքը» այս անգամին այնքան անախորժ չէր, որպես սկզբում։

— Տեսա՞ր,— ասաց վանեցին ուրախանալով,— ես սուտ չէի ասում։

Հետո ոլորեց նա երկու գլանակ, մեկը տվեց Օհանին, ասելով, որ խմելուց հետո ծուխն ավելի զվարճություն է պատճառում։ Օհանն սպասում էր, որ տեսնե, թե յուր հյուրասիրողն ինչպես է ծխում, որ ինքն էլ հետևե նրա օրինակին, որպեսզի անշնորհք և անքաղաքավարի չցույց տա իրան։

Գինետունը հետզհետե լցվում էր և խառնաշփոթ բազմության աղմուկն ավելի անտանելի էր դառնում։ Ամեն լեզվով երգում էին և ամեն լեզվով խոսում էին։ Այդ փոքրիկ նկուղը ներկայացնում էր ամբողջ Ստամբոլը յուր բազմազան և բազմասեռ բնակիչներով։

Հաջի աղան, որպես յուր նկուղի սուլթանը, երկար գոգնոցն առջևը կապած, նախշուն բազուկները մինչև արմունկները ծալած և անվերջ ժպիտը երեսի կնճիռների մեջ խաղացնելով, մոտենում էր այս և այն սեղանին. նա ամենի համար պատրաստի խոսքեր ուներ ծիծաղացնելու և ամենի սրտերը շահելու։ Նրա երկար քիթը, որ բավական ընդարձակ տեղ էր բռնել երեսի վրա, այն տպավորությունն էր գործում, որ իսկույն մտածել էր տալիս, եթե այդ ահարկու քիթը փոքր-ինչ կարճ լիներ, նրա դեմքն ի՞նչի նման կը լիներ։

Վերջապես մոտեցավ նա այն սեղանին, ուր նստած էին Օհանը և Իշխանապետյանցը։ Մի խորհրդավոր ակնարկ ձգեց