Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան տալու ճանապարհ չէր գցում, նա կտրում էր իր պարանոցի կամ գլխի զարդերից մի արծաթ և տալիս էր նրանց։

Վարդապետները վանքի սրբությունները տալիս էին մղդսիներին, ժողովրդի մեջ ման ածելու, զանազան պայմաններով՝ երբեմն վարձով, երբեմն կապայով, իսկ երբեմն այն դաշամբ, որ հավաքած գումարի մի մասը տային վանքին, մյուս մասը իրանք մղդօիքը վեր առնեին։

Բայց քիչ չէր պատահում, որ մղդսիները, օգուտ քաղելով ժղովրդի միամտությունից և նրա սնահավատությունից, դեպի չարն էին գործ դնում վանքի հավատարմությունը։ Նրանցից շատերն ունեին իրանց տներում խաչեր և կեղծ, հնարած «սուրբ նշաններ» դրանց ման էին ածում վանքի սրբությունների անունով։

Սուրբ տիրամոր հրաշագործությունը, զանազան բորոտություններ, խոցեր ու այլ փոխանցիկ հիվանդություններ բժշկելու մասին, ամեն տեղ հռչակված լինելով, ամեն կողմից բերում էին նրա վանքը այսպիսի ախտավորներին։ Նրանք մնում էին այնտեղ տարիներով, իհարկե, քչերին էր հաջողվում առողջանալով իրանց տունը վերադառնալ, իսկ մեծ մասը անխնամ մնալով, ոչնչանում էին։ Ես հիմա եմ հասկանում վնասակար հետևանքը մի այսպիսի սնահավատության, որ մտցրել էին ժողովրդի մեջ վանքի աբեղաները։ Հիվանդություններից շատերը փոխանցական լինելով, ուխտավորները վարակվում էին և տարածում էին ժողովրդի մեջ։ Այս էր պատճառը, որ երբեմն բոլորովին առողջ ուխտավորը վերադառնում էր իր տունը ախտավորված․ նա համարում էր այդ մի պատիժ, որ տվեց նրան տիրամայրը, գուցե իր մեղքերի համար…

Նույնիսկ վանքի գյուղացիները, անդադար հարաբերություններ ունենալով հիվանդների հետ, վարակվում էին։ Ոչ մի տեղ չէ կարելի տեսնել այնքան բորոտներ, մարմնով և դեմքով այլանդակված մարդիկ, որքան վանքի գյուղում։ Մի քանի տեսակ հիվանդություններ դարձել էին նրանց մեջ ժառանգական, անցնում էին սերունդից սերունդ, որպես էր հաշմանդամությունը։

Մովսես առանձին օրենքներ գրեց բորոտների և զանազան փոխանցական հիվանդություններ ունեցողների մասին։ Եվ մինչև այսօր արևելցիք իրանց բնակությունից դուրս են քշում նրանց։ Հայց սուրբ տիրամոր «մղդսին» ուրախ է լինում, երբ նրա կինը ծնում է մի զավակ բոլորովին այլանդակված կերպարանքով, այլ խոսքով ասած, զարդարված «տիրամոր նշաններով»։ Մի այսպիսի հրեշավոր ցուցանքը բերում է հոր համար բավականին արդյունք։