Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրիկ հովիվներից մեկը երկար ցուպի ծայրը մոտեցրեց նրա քթին և, սաստիկ շփելով, հարցրեց.

— Ինչո՞ւ ես լեզուդ պահել, դե խոսիր, սո՛ւտ ենք ասում։

Նա ոչինչ չպատասխանեց և նայեց դեպի երկինքը։

Հալածականին մեր պաշտպանության տակ առնելով, մենք մեծ դժվարությամբ կարողացանք համոզել նրա հալածիչներին, որ այդ «անհավատը» մյրւս անգամ նրանց գյուղին չի մոտենա և «սատանայական» գրքեր չի ծախի։ Նրանք ցրվեցան, ասելով.

— Եթե կգաս, կտեսնե՛ս...— և յուրաքանչյուրը ցույց տվեց ձեռքի ցուպը:

Մենք հեռացանք, նրան մեզ հետ տանելով։ Հետո երևաց, որ այդ մարդը սուրբ գրքերի տարածող մի գրավաճառ էր։

Բոլորովին մութն էր, երբ հասանք մի այլ գյուղ: Նա ասաց մեզ, որ այնտեղ կարող ենք հարմար իջևան գտնել, և ինքը առաջնորդեց մեզ դեպի մի տուն։

— Դա «եղբայր» Թաթոսի տունն է,— ասաց մեզ նախքան դռների բացվիլը։

Շեմքի վրա երևաց տան տերը։

— Եղբայր Թաթոս, քեզ համար հյուրեր եմ բերել,— ավետեց նրան սուրբ գրքերի տարածողը։

— Իմ աչքերի վրա տեղ ունեն,— պատասխանեց եղբայր Թաթոսը, մոտեցավ և մեզ ձեռք տվեց։

Սրահում մեզ համար նստելու տեղ պատրաստեցին, իսկ ձիաները կապեցին սրահի առջև։ Մենք տեղավորվեցանք թանձր թաղիքի վրա։ Սուրբ գրքերի տարածողը իր գրքերով լի պայուսակը դրեց մի անկյունում, նստեց մեզ մոտ և սկսեց իր պատառոտած տրեխները բաց անել։

Նրան կոչում էին «ջին»-Դավիթ, որ նշանակում է՝ դև կամ սատանա Դավիթ։ Արդյոք իր դեմքի՞ համար, թե մի այլ պատճառով էր ստացել այդ մականունը,— ինձ մնաց անհայտ։ Բայց այդքանը պարզ էր, որ նրա կերպարանքը բավական համապատասխան էր իր ստացած կոչմանը։

Մեր հյուրընկալը, «եղբայր» Թաթոսը, մի երկար, նիհար կորաքամակ մարդ էր, ալեխառն մորուքով։ Նրա իրանի աղեղնաձև դիրքը, երևի, առաջ էր եկել իր արհեստից, որ ստիպում էր նրան միշտ թեքված մնալ։ Նա բուրդ գզող էր։ Նրա իրանը իր բուրդ գզելու աղեղի ձևն էր ստացել։ Գյուղացի կնիկները բերում էին նրա մոտ իրանց ոչխարների բուրդը, նա գզում էր, հետո