Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե ինքը սերունդ է մի մեծ տոհմի, որ շառավիղում է աստվածներից և աստվածանման գործեր է կատարել։

Նա եկավ և տեսավ բոլորը։

— Այդ բոլորը շատ գեղեցի՜կ է,- ասաց նա, — բայց այստեղ ջուր չկա, այստեղ ծառեր չկան։ Շինի՛ր ինձ համար շատրվաններ, որ ամպերից բարձր ցայտե ջուրը, տնկի՛ր ինձ համար ծառեր, որոնց հովանիի ներքո հանգչեի ես, և հանգչեի քո գրկում․․․

Ասաց և հեռացավ։

Ամենահեռավոր վտակների ընթացքը փոխեց նա և ստորերկյա ջրմուղներով բարձրացրեց մինչև ապառաժի գագաթը։ Կոփեց քարը փորեց ավազաններ, կերտեց արծաթափայլ շատրվաններ։ Անսպառ ջուրը տիվ և գիշեր դուրս էր վիժում շատրվաններից և մարգարտյա կաթիլներով ցողում էր չորեքկողմ ի կանաչազարդությունը։ Կտրեց վեմը, հարթեց ապառաժը և, հեռու տեղերից հող բերելով, ածեց նրա վրա։ Այդ հողի մեջ տնկեց ծառեր և ստեղծագործեց բարձր, կախաղանավոր պարտեզներ, որոնք կարծես օդի մեջ բուսած լինեին։ Տարիներ անցան, աճեցին ծառերը և պտուղ տվեցին։ Ծաղկեցին ծաղիկները և սրտապարար անուշահոտությամբ լցուցին բուրաստանը։ Հավաքվեցան թռչունները և իրանց ուրախ ձայներով կենդանացրին շրջակայքը։ Իսկ նա, որ այդ գեղեցիկ դրախտի զարդն ու թագուհին պետք է լիներ, չհայտնվեցավ․․․

Մի օր, ձեռքը ծնոտին դրած, նստել էր վարպետը յուր կառուցած ապարանքի ստորոտում և տխուր կերպով նայում էր դեպի մեծ ճանապարհը։ Երգելով անցավ մի շինական, որը, տեսնելով նրան, մոտեցավ, նստեց նրա մոտ մի փոքր հանգստանալու։

— Որտեղի՞ց ես գալիս, - հարցրեց վարպետը։ — Երանի՜ քեզ, որ այդպես ուրախ ես։

— Տիզբոնից, - պատասխանեց շինականը։ — Ինչո՞ւ ուրախ չլինել, երբ ամբողջ աշխարհը ուրախանում է։

— Ի՜նչ է պատահել։

— Միթե չգիտե՞ս, որ քաղաքում արդեն յոթն օր է, յոթն գիշեր է, որ հարսանիք է։ Գինին հոսում է վտակների պես, անուշահամ խորտիկները չափ չունեն։ Ուտում են, խմում են և ուրախանում։ Ամբողջ քաղաքը թնդում է նվագներով, և պարողների ոտները չեն հոգնում։ Ես էլ իմ բաժինը վայելեցի։ Այնքան կերա, այնքան խմեցի և այժմ այնքան էլ տուն եմ տանում, որ մի քանի շաբաթ իմ կնոջ և երեխաներիս համար բավական կլինի։