Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ունեին նոքա մի քույր գեղանի,

Աչքերը սև֊սև, ինքը նազանի,

Քաղցրությամբ չի ծով էր նա անսահման,

Եվ ողջ աշխարհում չուներ յուր նման։


Կասեր արեգին. «Դու հանգիստ մնա՛,

Երեսիս փայլը երկրին լույս կտա».

Կասեր լուսնյակին. «Այդ թո՛ղ ինծ համար՝

Վանել գիշերի սևաթույր խավար»։


Եվ ամեն կողմից՝ քաջ֊քաջ հսկաներ,

Ահարկու դևեր, մեծ փահլևաններ,

Գալիս էին նորա սերը խնդրում

Եվ իրանց սիրտը նորան զոհ բերում։


Եվ ամեն անգամ՝ կույսը աննման

Տալիս էր նորանց այդպես պատասխան.

«Եղբայրներիս հետ մենամարտեցե՛ք,

Հաղթության փառքով իմ սերն ստացեք»։


ճոճվում էր նիզակ, կռվեին քաջեր,

Տրոփում էր ասպար, փայլում էր սուսեր,

Եվ հարվածների շռինդը ուժգին

Դղըրդում էր օդը, թնդում էր գետին։


Գոռում էր մարտը, բերում էր սարսուռ,

Փշրվում էր վահան, զրահ ամրակուռ,

Մինչ աստվածները, իսպառ զարմացած,

Բարձր եթերքից մնային հիացած։


Նայում էր կույսը, կո՛ւյսը աննման,

Եվ ուրախության չկար չափ սահման,

Երբ եղբայրները փառքով հաղթական

Թողնեին դաշտը՝ կռվի և արյան։


Այսպես ամեն մի այցելուն դժբախտ,

Այսպես ամեն մի քաջ հերոս, անհաղթ,

Թողնում էր այնտեղ յուր ընկած մարմին,

Որ նյութ էր տալիս ամրոցի շենքին։


Այսպես կառուցին հզոր պարիսպներ,

Մինչ զենիթ հասցրին բուրգ, աշտարակներ,

Բայց կույսի սիրտը՝ միշտ մնաց անողոք,

Եվ սիրույն արժան՝ չեղավ դեռ ոչ ոք։