Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գանս դեպի Պարսկաստանի խորքերը... նա շուտով կգա քեզ հրավիրելու...

— Եվ այդ ուրախացնո՞ւմ է քեզ, անզգամ։ Դրանո՞վ ես փոխարինում այն բոլոր շնորհները, որոնցով իմ թագավոր֊ամուսինը անհայտ դրությունից բարձրացրեց և մեծամեծ պաշտոնների ցրեց։ Ապերա՜խտ։ Դու քո հայրենիքի ամենադժվարին տագնապի միջոցում, փոխանակ նրան պաշտպան հանդիսանալու, քո դավաճան ձեռքը մեկնում ես դեպի թշնամին։ Քեզ հանձնված էր թագավորի տունը, նրա ընտանիքը, և դու, եթե ամենափոքր ազնվություն ունենայիր, պետք է քո անձը դնեիր նրա տան վրա։ — Բայց այժմ ուրախանում ես այդ տան գերեվարությամբ։ Այդ բավական չէ, դու համարձակվում ես քո զազրելի բերանով նախատել ինձ, և նախատել քո բարերար Արշակունիներին։ Այո՛, նրանք նախատելի են, որ քեզ նման ցած և ստոր արարածին այնպիսի բարձր պաշտոնների արժանացրին։

— Այդ իմ իրավունքն էր, տիկին, այդ իմ ժառանգական արժանությունն էր, որ հասել էր ինձ իմ պապերից,— պատասխանեց սառնությամբ։— Ո՞վ կարող էր ջնջել մարդպետական իշխանությունը։

— Իմ թագավոր֊ամուսինը։

— Այո՛, այդ նպատակին ձգտեց նա... Նա աշխատեց ոչնչացնել և բոլոր նախարարությունները... բայց ոչնչացավ ինքը... այդ թողնենք։ Ես չեմ թաքցնում, տիկին, իմ ատելությունը դեպի հասարակ բոլոր Արշակունիները, ես չեմ թաքցնում և իմ ուրախությունը, որ դու, վերջապես, պիտի պատժվես։ Քո համառության արդյունքներն են, տիկին, այդ բոլոր կործանումները։ Եթե դու, երբ նրանից հետո Շապուհ արքան կոչեց քեզ Պարսկաստան, գնայիր,- եթե դու, երբ նրանից հետո Շապուհը պաշարեց այդ բերդը, անձնատուր լինեիր,— դրանցից և ո՛չ մեկը չէր պատահի։ Քեզ կտանեին Պարսկաստան, այնտեղ կփակեին Անուշ բերդում քո թագավոր֊ամուսնի հետ, և դրանով ամեն ինչ կվերջանար։

— Դրանով, դու կարծո՞ւմ ես, Հայր֊Մարդպետ, կվերջանար Արշակունյաց թագավորությունը,— ձայն տվեց թագուհին խորին վրդովմունքով։

— Այո՛, տիկին։ Եվ պետք է, որ վերջանա։ Աստուծո արդար վրեժխնդրության բաժակը լցվել է, և նա պետք է թափվի...

Լսելով Հայր֊Մարդպետի վերջին խոսքերը, թագուհու զայրացած աչքերը վառվեցան բարկության բոցով, և նա, յուր ծանր,