մատակարարը և միևնույն ժամանակ սեղանատան կառավարիչն էր: Նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց գռան մոտ։
— Ամեն ինչ պատրա՞ ստ է, Արմենակ,— հարցրեց նրանից:
— Պատրաստ է, տիկին,— պատասխանեց տաճարապետը։
— Երաժիշտները կանչվա՞ծ են։
— Կանչված են, տիկին։
— Կհրամայես տակառապետին, որ ամենահին և ամենաթունդ գինին բաց անե հյուրերի համար։
— Հրամայված է, տիկին,
—Իսկ ինձ համար' ամենաթույլը, հասկանո՞ւմ ես:
— Հասկանում եմ, տիկին...
— Միայն գույների մեջ զանազանություն չլինի...
— Չլինի, տիկին...
Ուրիշ մի քանի պատվերներ ևս տալով, ասաց նրան.
— Այժմ կարող ես գնալ։
Նա գլուխ տվեց և գուրս եկավ։
Տաճարապետի հեռանալուց հետո ներս մտավ ներքինապետ Բագոսը` յուր խորշոմած, լերկ դեմքով, յուր առանց թերթերունքների կարմիր կոպերով, որոնք իրանց նեղ շրջանակի մեջ հազիվ կարողանում էին սեղմել նրա` գորտի աչքերի նման դուրս ընկած` անհանգիստ բիբերը։ Նա քսությամբ մոտեցավ տիկնոջ գահավորակին, այնքան ուշիկ քայլերով, կարծես վախենում էր, միգուցե ոտները մատնեին իրան, և կռանալով, խռպոտ ձայնով մրթմրթաց.
— Գնացին նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու...
Մամիկոնյան տիկնոջ գոռոզ աչքերը վառվեցան բարկության կրակով։
— Հետո՞— հարցրեց նա խռովյալ ձայնով։
— Հետո գալու են այստեղ ճաշելու։
— Ե՞րբ։
— Ո՞վ է իմանում։ Եթե տիկին Զարուհին չուշացնե, գուցե շուտ կգան։ Բայց նրա սովորությունները հայտնի են. մինչև մի բան չուտացնե, մինչև մի բան չխմացնե, բաց չի թողնի։
— Սամվե՞լն էլ գնաց նրանց հետ։
— Սամվելը բոլորից առաջ էր ընկած...
Տիկինը ավելի վրդովվեցավ։
Ներքինապետը, արդեն իրան հասած համարելով յուր նպատակին, ավելի առաջ տարավ քսությունը, ասելով.
— Սամվելը հրամայեց, որ Մուշեղին ևս հրավիրեն ճաշի...