Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջարդեց, կործանեց, մընացորդք ցըրիվ
Եղան հայերից, ինչպես չոր խըռիվ։
Մահի՞ց վախեցաք. ամո՜թ է հային
Իր ազատ կյանքը փոխել ըստրկին.
Մա՜հ, մա՜հ, ե՛կ շուտով, սևցո՛ւր իմ կյանքը,
Ինչպես սևացավ հայերու փառքը։
Դե՜հ, վերջին անգամ հորանց տաղերով
Կռվենք ու մեռնինք պարսից թըրերով»։

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԳՈԻՄ ԵՆ


Զինվոր էի հայոց ազգին մըտերիմ,
Երբ Հայաստան քարքանդ արեց թըշնամին.
Պինդ–պինդ ցավեց սիրտը արի հայերուն,
Այն օր նոքա թափել տվին գետ արյուն։

Շատ-շատ քաջեր ընկան աստից ու անդից,
Ես էլ ընկա թշնամիի սուր նետից.
Իմ մարմինը դաշտի միջին է ընկած,
Քրիստոնեի սուրբ օրենքով չէ՛ թաղած։

Դուն մի՛ մնար աչքըդ արցունք օրն ի բուն
Սիրականիդ, ի՛մ սիրական, մոտի՛ր քուն.
Առտուն կուգա չարագուշակ գուժկանը,
Սուգ, ողբ, կըսկիծ նա կը նյութե իմ տանը։

Երբ որ լսես վաղաժամիկ իմ մահը,
Ա՛ռ երկու թի ու երկաթե սուր բահը,
Ա՛ռ քու հետը մի ըսպիտակ մեծ պատան,
Փորե խորին ինձի համար գերեզման։

Գերեզմանիս վըրա բըսնի վարդենին,
Վարդը բացվի, աչքը գրավե ամենին,
Սոխակին էլ թո՛ղ գրավե նա հոգին,
Քաղցր տաղեր թող ներշընչե սոխակին։

Թո՛ղ սոխակը անցքը պատմե ամենուն,
Թո՛ղ լըսողը ողորմիս տա՛ իմ հոգուն։