Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե կամենում ես, ես կունենամ այդքան քաջություն։

Նա վճռեց մի խոշոր զոհաբերություն անել։ Այնինչ Գրիշան միայն փորձելու համար արավ իր կողմնակի առաջարկությունը։ Իր քրոջ և Միքայելի պատմածներից նա այն համոզմունքն էր կազմել, որ նրանք միմյանց չեն սիրել և միայն կուրացել են անզուսպ կրքերից։ Նա գիտեր, որ եթե իր առաջարկությունն իրագործվի անգամ, վաղ թե ուշ Անուշի պատիվը կրկնակի պիտի ցեխոտվի. Միքայելը չի կարող երկար ժամանակ կենակցել նրա հետ. կթողնի շուտով, երես կդարձնի։

— Հեռացի՛ր, ի սեր աստծո, դո՛ւրս եկ, ես չեմ կարողանում քեզ սառնարյուն տեսնել իմ տանը,— ասաց նա գրեթե շնչասպառ,— գլուխս պտտում է, աչքերս մթնում են։ Պատրաստ եմ այս ձեռներով խեղդել քեզ էլ, նրան էլ, բայց ի՞նչ օգուտ... Կորեք և ինչ ուզում եք արեք... դուք միմյանց արժանի եք...

Եվ, ամոթից կատաղած, գլուխը դրեց մի ձեռի վրա, մյուսով ամուր բռնելով մազերն ու փետտելով։ Այդ պահին նա ավելի իր քրոջն էր ատում, քան ընկերոջը։

Միքայելը քայլերն ուղղեց դեպի դռները լուռ, ձեռը ճակատին սեղմած, հենվելով աթոռներին։ Այլևս չգիտեր՝ ինչ ասեր, իսկ մնալն ավելորդ էր։

Ամբողջ մի ժամ նա կառքով թափառում էր ծովափում հետ ու առաջ։ Նա տակավին չգիտեր ինքն իրեն պարզ հաշիվ տալ իր արածի մասին։ Մերթ կարծում էր, թե շատ լավ բան արավ, մերթ մտածում էր, թե իրեն ստորացրեց և ստորացրեց ամենաերեխայական կերպով։ Տեսնվա՞ծ բան է, որ ապտակ ստացողը գնա ապտակ տվողի տունը բացատրություն տա, փոխանակ պահանջելու։ Եվ ինչպե՞ս նա հանդգնեց, մոռացավ ամոթ ու ինքնասիրություն և ներկայացավ այն մարդուն, որի պատիվը ոտնատակ էր արել։ Չվերադառնա՞լ արդյոք Գրիշայի մոտ և այս անգամ արդեն իբրև վրիժառու թշնամի։ Ո՛չ, ո՛չ, նա արավ այն, ինչ որ պարտավոր էր անել ամեն մի ազնվության վերջին կաթիլից ոչ զուրկ մարդ, նա կատարեց իր սրտի թելադրածը։