յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որ վարակված չէր նախապաշարումներով։ Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ և... համբուրվեց նրա հետ, պարզ ընկերական կերպով։ Հետո, շտապ-շտապ սեղմելով մեր ձեռները, փունջը ձեռին բարձրացավ կառախումբ։
Ես դիտում էի Լևոնին։ Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը։ Բնազդաբար բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից...
Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից։ Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ։ Մի քանի րոպե ևս, և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպես անաղմուկ, որ կարծես նավ էր լողում։ Այն ժամանակ միայն Լևոնը, սթափվեց և գլխարկը բարձրացնելով զոչեց իտալերեն.
— Բարի ճանապա՜րհ... Ցտեսությո՜ւն... Շուտո՜վ...
Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով։ Ճանապարհին Լևոնը մի բառ անգամ չարտասանեց։ Լուռ էի և ես. չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը։ Թե նա տանջվում էր՝ այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով՝ այս էլ երևում էր։ Բայց թև ի՞նչ էր մտածում՝ այս չիմացա. երևում էր միայն, որ նրան զբաղեցնողը սովորական մի միտք չէ․․․
Ես հրավիրեցի նրան սենյակս։ Ինչ-որ պատճառով հրաժարվեց գալ։ Արագ–արագ բարձրանալով վերև, չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ։
Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա։ Ինքը չէր գալիս սենյակս, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում։
— Ուշ գիշերին տուն է գալիս սենյակս, երբ ես քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ։ Բայց լավ որդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն... անիծվի՜ նա..․
— Տիկին,— գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից