Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ կամքի ուժը։ Նա իմ շուրջը ստեղծել է գովասանքների արբեցուցիչ մթնոլորտ, ուր շոգիացել են Բեգմուրյանի թերությունները և խոշորացել նրա մրջյունային արժանավորությունները։ Եվ այդ բոլորից հետո է միայն նա դարձել իմ կամքին և ասել. «սիրելիս, մենք քեզ չենք ստիպում, այլ միայն հարցնում ենք՝ ուզո՞ւմ ես գնալ Բեգմուրյանին»։ Ես արտասանել եմ «այո»։ Եվ այդ «այո»-ն միանգամայն, առ միշտ նրան ազատել է ապագայի բոլոր պատասխանատվությունից։

ԱՆՆԱ. Բայց չէ որ դու ասում էիր Բեգմուրյանը լավ մարդ է։
ՀԵՐՍԻԼԵ. Ասում էի և այժմ էլ նրան չեմ պարսավում, բայց ի՞նձ ինչ, Աննա, որ նա լավ մարդ է, ի՞նձ ինչ։ Նա օտար է իմ սրտին, միանգամայն օտար և միշտ օտար է եղել, միշտ...
ԱՆՆԱ. Խեղճ Հերսիլե, ուրեմն դու դժբա՞խտ ես․․․
ՀԵՐՍԻԼԵ. Եվ դու դեռ հարցնո՞ւմ ես։ Միթե չես դիտում, չե՞ս տեսնում։ (Շվին դադարում է):
ԱՆՆԱ. Ես միայն տեսնում և զգում եմ, որ նա բոլորովին քո կյանքի ընկերը չէ։ Բայց վեց տարի ապրել եք միասին, մի՞թե սովորությունը քեզ չի կապել նրա հետ։
ՀԵՐՍԻԼԵ. Կապել է, այո, անտանելի շղթաներով։ Ապրել եմ։ Ո՞վ, ե՞ս։ Ոչ, ես չեմ ապրել, այլ թմրել եմ բուսական կյանքի թմրությամբ. (Շվին նոր եղանակ է սկսում):
ԱՆՆԱ. Եվ նո՞ր ես զգում այդ։
ՀԵՐՍԻԼԵ. Ինչու նոր։ Զգում եմ այն օրից, երբ սկսել եմ ճանաչել կյանքը, հասկանալ իմ վիճակը։ Այժմ միայն իմ դրությունն ավելի անտանելի է թվում ինձ, և պատճառը դու ես, Աննա։
ԱՆՆԱ. Ե՞ս,
ՀԵՐՍԻԼԵ. Այո, դու, Աննա, մի վիրավորվիր, այդ քեզ պատիվ է բերում։ Ես միշտ զգում էի, որ կան աշխարհի երեսին երջանիկ մարդիկ, կա և երջանիկ կյանք։ Զգում էի մութ կերպով, բնազդմամբ։ Քո գալուց հետո ինձ համար պարզվեց այն, ինչ որ մութն էր մինչև այժմ։ Քո գեղեցիկ բացատրությունները իսկական երջանիկ ամուսնական կյանքի, քո ընդարձակ հայացքները կյանքի խորհուրդների