Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անիրավներ, հացս կերել եք, հերիք չէ, կողոպտո՞ւմ էլ եք ինձ։ Լազար, կանչիր պրիստավին, բոլորին բանտ ուղարկիր։ Երեքին էլ պիտի կախ տալ։

ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին): Աղա, ներիր, ղալաթ ենք արել։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Մենք չէինք ուզում, այն փախչողը մեզ սովորեցրեց, ներիր։
ՀԱՅՐԱՊԵՏ. Չէ, չէ, ներել-մերել չկա, կամ կախաղան, կամ Սիբիր։
ԼԱԶԱՐ. Պետք է ժանդարմերիային, հանձնել։ (Ուզում է գնալ խորքի դռներով):
ԽԱԼՖԱՅԱՆ. Ես էլ կարծում եմ, պետք է հանձնել։
ՍԵՐԺ. Պետք է, ասոծ կա, պետք է։
ՍԱՄՎԵԼ. Կացե՛ք, ոչ ոք այստեղ իրավունք չունի կարգադրություն անելու։ Դրանց դատավորը ես եմ։ Հեռո՛ւ քաշվեցեք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Կախ է տալու երեքին էլ։
ՍԱՄՎԵԼ. Դեհ, տեղ ազատեցեք դատարանի համար։ Ջահանգիր, այն գրասեղանը մեջտեղ բեր։ Հեռու քաշվեցեք։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Խալֆայանի օգնությամբ գրասեղաններից մեկը բերում է դնում բեմի կենտրոնում: Երեք անձանց): Ըհ, ես ձեզ մարդ ասողին։
ԱՄԵՆՔԸ․ (Քաշվում են պատի տակ):
ՍԱՄՎԵԼ. Բեր այստեղ երեք աթոռ։ Այդպես։ (Նստում է մեջտեղի աթոռի վրա երեսը դեպի հասարակությունը): Մայրիկ, եկ աջ կողմումս նստիր։ Այդպես: Լիզա, դու էլ ձախ կողմումս նստիր։ Հիանալի՜։ Ես նախագահ եմ, դուք դատավորներ։ Կգա ժամանակ, որ մեր դատավորները կանայք կլինեն։ Թող ասեն, որ առաջ կանանց այդ իրավունքը տվեց Սամվել Շարբաբչյանը։
ՍԵՐԺ. Հետաքրքրական է։ Ասոծ կա, շատ հետաքրքրական։ Լավ է, որ երեկույթ չգնացի։
ՍԱՄՎԵԼ. Լսեցե՛ք, դատավորներ։ Ինչ որ վճռենք պետք է սրբությամբ կատարվի։ Հայրիկ, դու գանգատավոր ես, կանգնիր քո երկաթե սնդուկի մոտ, քո պատվավոր տեղն այնտեղ է։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, թող այդ օյինբազությունը։