Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XII

ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱ ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ

Ես քիչ եմ հանդիպել այդ մարդուն։ Նա ապրում էր Նոր-Նախիջևանում, որ իր ծննդավայրն էր կարծեմ։ Մինչև Թիֆլիս տեղափոխվելս կարդացել էի նրա ոտանավորները, ոգևորվել։ Մի քանիսը մինչև անգամ անգիր գիտեի։ Արձակ գրվածքների մասին գաղափար չունեի․ Նախիջևանի բարբառն անհասկանալի էր ինձ համար։

Գամառ-Քաթիպա Թիֆլիս գալիս էր տարին մեկ անգամ, մերթ մի քանի շաբաթ այստեղ մնալու, մերթ Էջմիածին ուխտի գնալու համար։ Եվ ամեն անգամ հայ գրական շրջանը հյուրասիրում էր նրան հասարակական ճաշկերույթով։

Տարօրինակ էր Գամառ-Քաթիպայի բնավորությունը, ինչպես և նրա արտաքինը։ Ավելի փոքր, քան միջահասակ, ոչ գեր, ոչ նիհար, թուխ մորթով, պարզ ակնոցի տակից ծակստող հայացքով նայող աչքերով, որ երբեմն հիշեցնում էին ինչ-որ գիշակերի աչքեր, երեսը միշտ մաքուր սափրած, ալոխառն ընչացքը քիչ կտռած, բերանը ծուռ-այս այս էր Գամառ-Քաթիպան։ Նա, որ ժամանակի միակ ժողովրդականացած քնարերգակն էր, որի «Մայր Արաքսի․․․»-ն երգվում էր, «Բողոք առ Եվրապ»-ը արտասանվում բեմերի վրա ու տներում ամենուրեք, ուր կար միայն մի բուռն հայություն, որի անունը երիտասարդության բերնում ազգային պարծանքի առարկա էր։

Հարգում էի Գամառ-Քաթիպային, ինչպես ամենքը, բայց և համակրանքի առանձին զգացվում երբեք չունեցա։ Ինչու՞։

Մեծամիտ չէր, բայց փոքրավարի դեմ մի տեսակ իշխանավարի կեցվածք ուներ։ Խոսում էր բարձր ձայնով,