Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրանում քաղաքային ինքնավարության անդամ Արշակ Գաբյանը գունասպառ, հուզված և երերուն ձայնով կարդում է մի կարճ հեռագիր Բաքվից.

— Այսօր տեղական թուրքերը կազմակերպված խմբերով կսկսել են հայերին ջարդել, օգնեցե՛ք։

Գոռում-գոչյուն, աղաղակ, մի բաքվեցի տիկին ուշաթափվում է, ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում։ Հեռու, մի անկյունում նկատում եմ երեք երիտասարդ թուրքերի, որ ապշած նայում են, չհասկանալով, թե ինչ է կատարվում: Գիտնալով, թե գրգռման վայրկյանին ամբոխն ինչ բռնությունների է ընդունակ, մոտենում եմ նրանց և խնդրում իսկույն ևեթ հեռանալ։ Նրանք շտապով դուրս են գալիս ակումբից։

Երեկույթը, իհարկե, խափանվում է։ Վերադառնում եմ տուն, մի նամակ եմ գրում հայտնի Հաջի-Զեյնալ Աբդին Թաղիևին և խնդրում գործ դնել իր ամբողջ հեղինակությունն արյունահեղության առաջն առնելու համար։ Նամակը տանում եմ երկաթուղու կայարանը, որ փոստային գնացքին հասցնեմ։ Նամակի բովանդակությունը չի կարելի հեռագրով գրել։ Կայարանը լիքն է բաքվեցի թուրքերով և հայերով։ Լուրն արդեն տարածվել է. մարդիկ շտապում են իրենց մերձավորներին օգնության հասնելու։ Գիշերը մինչև լույս անց եմ կացնում անքուն. բոլոր իմ մերձավորները Բաքվում են... Հետևյալ օրը բազմամարդ ժողով է Թիֆլիսի թեմական առաջնորդարանում։ Մտնում եմ ներս, դահլիճը ծայրեիծայր լիքն է։ Նախագահական սեղանի քով նստած է Գարեգին եպիսկոպոս Սաթունյանը՝ Դալայ-Լամայի կեցվածքով, շրջապատված հայ ազգի մանդարիններով։ Ներկա են դաշնակցության գրեթե բոլոր թիֆլիսաբնակ առաջնորդները։ Հռետորները հուզված ճառաբանում են, աշխատելով պերճախոսությամբ իրարու գերազանցել։ Ոտքի է ելնում հաստ պարանոցով ու կարմիր այտերով մեկը։ Ալեքսանդր Խատիսյանն է։ Նա բաց է անում իր ջրամբարը և սկսում է ժողովը հեղեղել։ Խոսում է, խոսում — վերջ չկա։ Փույթ չէ, թող խոսի, ես վաղուց եմ դադարել այդ մարդու ճառերը լսելուց և զբաղված եմ իմ քով նստած Հովհաննես Սաղաթելյանի հետ առանձին խոսակցությամբ։ Վերջապես Խատիսյանը կապում է իր ջրամբարը