Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հավիտենական զոհերն են, որոնց հղփացած Փարիզը հազարներով է շպրտել այդ պճնազարդ բուլվարների վրա, հարկավ կանխավ քամելով նրանց թարմ հյութը, ճիշտ այնպես, ինչպես վամպիրն է ձգում իր զոհին, երբ արդեն կշտացել է նրա արյունով:

Խոսքս այլ երևույթի մասին է։

Հազիվ թե աշխարհի երեսին լինի մի ուրիշ մեծ քաղաք, ուր օտարականին, մանավանդ նորեկին, այնպես շուտ ճանաչեն, ինչպես Փարիզում: Փարիզեցին արդեն նորեկի քայլվածքից ու դեմքի շվարած արտահայտությունից գիտե, որ փտարական է, տեղական վարք ու թարքերին դեռ անծանոթ, ուրեմն և ավելի դյուրին ենթակա շահագործման ու մոլորության։ Եվ ամենից շուտ ճանաչողները բուլվարների վրա նրանք են, որոնք guide (առաջնորդ) անվան տակ կատարում են դերերից ամենազազրելին—կավատություն։

Մինչ մենք, աջ ու ձախ ամեն ինչով հետաքրքրվելով, թափառում էինք աննպատակ, զգացի, որ մեկը քայլ առ քայլ հետևում է մեզ, հատկապես ինձ։ Հետևում է և ցածր ձայնով ինչ-որ ասում է։ Նայեցի ետ. պատկառելի տարիքով ու դեմքով մի մարդ էր, մաքուր հագնված։ Նա անմիջապես ծոցի գրպանից դուրս բերեց մի բուռը լուսանկարներ և, աջ ու ձախ նայելով, մոտեցրեց իմ քթին։

— Նայեցեք, դիրքերի մի ամբողջ սերիա, և բոլորը թարմ, սկսած ինը տարեկանից,— արտասանեց նա շտապ-շտապ։ Այստեղից հեռու չէ, էկիպաժի կարիք չկա։ Գնանք, չեք զղջա, շատ գոհ կմնաք, երաշխավոր եմ։

Ես վրդովված երեսս ետ դարձրի, աշխատելով, որ որդիներս չլսեն նրա խոսքերը: Բայց բժիշկը, որ քառորդ դար է ծանոթ էր Փարիզի բարք ու վարքերին, գիտեր այդպիսիների գնահատականը տալ:

— Գնացեք կորեք, լիրբ,— գոռաց նա առանց տատանվելու։

Մարդը խեղճացած կծկվեց և չքացավ ամբոխի մեջ։ Թափառեցինք գլխավոր բուլվարներն ու ավենյուները և տուն վերադարձանք կեսգիշերից անց։ Առաջին տպավորությունս անորոշ էր, խառնիխուռն և