Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև անգամ նրա մեռելներին ևս չի խնայի։ Գործարանում հրդեհ է պատահում, մշակին են մեղադրում, գործարանում մեկ բան է կորչում, մշակն է գողության կասկածանքի տակ ընկնում, վերջապես, ամենայն մի քայլում, ամենքի հանցանքի համար մշակն է պատասխանատու, նա է ենթարկվում հալածանքի։ Այդպես են վարվում այդ անբախտ և միանգամայն թշվառ արարածների հետ անխտիր թե հայ, թե՛ թուրք և թե՛ ռուս գործարանատերերը։ Հայ մշակը առաջին դեպքում կարծում է, թե նա կարող է ապահով լինել հայ գործարանատիրոջ մոտ, բայց նա չարաչար սխալված է համարում իրան, երբ տեսնում է, որ իր արյունակիցը ևս այնպես կոշտ, կոպիտ և անխիղճ է վարվում, ինչպես, գուցե, չէր վարվի նրա հետ այլազգին։ Հոգ չէ, թող մշակը հարստահարվի, թող նրա թշվառ կյանքը մաշվի, միայն թե իր տիրոջ անհատակ սնդուկը հարստությունով լքցնելու համար գիշեր ու ցերեկ, ժամանակ ու անժամանակ գործե։ Փույթ չէ գործարա- նատերին, թե նրա մշակները բնակվում են այնպիսի բնակարանում, ուր միայն խոզերը կարող են բնակվել, փույթ չէ, թե նրանք հիվանդանում են, դեղ չեն ճարում և այլն։ Այդպիսի բաների համար մտածել, գլուխը ցավացնել չգիտե մեր գործարանատերը, որովհետև նա իր պարտքը կատարած է համարում ամսական մշակների երեսին մի քանի մանեթ շպրտելով, այն էլ, աստված գիտե, ինչպիսի խարդախ հաշիվներով, և ինչո՞ւ չանեն խարդախություն, երբ այդ հասարակ մշակները ոչ գիր են գիտում և ոչ էլ Կիրակոս են ճանաչում։ (Այդպես են ասում իմ հայրենիքում)։ Այո, տխուր և շատ տխուր գույներով կարելի է նկարագրել այստեղի մշակ դասի կյանքը, որը սիստեմատիկաբար հարստահարվում է գործարանատերերից։ Այդ բոլորը այդպես տեսնելով, էլ ի՞նչ իրավունք ունենք մենք, քաղաքակրթվածներս, գանգատվել Փոքր Ասիայի խորքերում ապրող վայրենի բաշիբոզուկների, քուրդերի և չերքեզների անխղճության վրա, մինչդեռ ինքներս այդչափ անգութ և անխիղճ ենք դեպի մեր մերձավորները։

Բավական համարելով այդքանը Բաքվի մշակների դրության մասին, մեծահույս եմ, որ արդարադատ «Մշակ» լրագիրը, որը միշտ չէ զլացել պաշտպան հանդիսանալ ամենայն