Էջ:Shirvanzade I hator.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազատ տղերք շատ կան, բոլորն էլ հարուստներ, իսկ գեղեցիկ, լուսավորված և շնորհքով աղջկերք — շատ քիչ։ Սրա պատճառն այն է, ասաց Կարլ Մարկիչը, որ Կովկասը դեռ «դիկիյ ստրանա» է, կանայք մեծ մասամբ չարսավի մեջ փաթաթված են, «օբրոզովայտցա» չեն եղել և այլն։ Ի վերջո Կարլ Մարկիչի երևակայությունը այնքան բորբոքվեց Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, որ նա վստահացավ մի հանդուգն հույս ևս արտահայտել։ Բայց իսկույն շտապեց ավելացնել, որ այդ հուսո իրագործումը կախված է Կատերինա Կարլովնայից, թե ինչպես սա իրան ցույց կտա և ինչպես կվարվի Պետր Ստեփանիչի հետ և թե վերջինն ինչպես կնայի Կատյայի վրա․․․ Պատվիրեց Մարիա Իվանովնային, որ Պետր Ստեփանիչին միշտ պատվով և հարգանքով ընդունի և ամեն անգամ «կոֆեով ուգաստիյտ անի»։ Խնդրեց նույնպես Կատերինա Կարլովնային, որ սա ևս յուր կողմից շատ քաղաքավարությամբ վերաբերվի Պետր Ստեփանիչին, հետը ռուսերեն խոսի, «դելիկատնիյ պոստուպիյտցա» անի, «էնդուր, որ Պետր Ստեփանիչն ինքը ցիվիլիզովաննիյ կավալեր է և սիրում է նեժնի մանիերնեք»։

Մի խոսքով, Կարլ Մարկիչը բան չմնաց, որ չպատմի և պատվերներ ու խրատներ չմնաց, որ չտար Մարիա Իվանովնային, նամանավանդ Կատերինա Կարլովնային։

— Ընթրիքն ավարտվեց։ Կարլ Մարկիչ Պոպովը բորբոքված երևակայությամբ հեռացավ յուր սենյակը։ Արտեմը, Մարիա Իվանովնան և Կատերինան նույնպես գնացին իրանց սենյակները քնելու։

Առավոտը Կարլ Մարկիչը ճիշտ որ, ինչպես ինքը խոսք էր տվել Պետր Ստեփանիչին, «խորոզը կանչելիս» գործարան գնաց։ Իսկ Արտեմ Կարլիչը տասը ժամին ներկայացավ Պետր Ստեփանիչին և մի քանի անհրաժեշտ պատվերներ ստանալով նրանից, իսկույն ճանապարհվեց Բալախանի՝ գործակատարի պաշտոնով։

VI

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, Պետր Ստեփանիչը կրկին ներկայացավ Կարլ Մարկիչի ընտանիքին, այս անգամ ուրիշ և ավելի