Էջ:Shirvanzade I hator.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձեզ էլ հետս տանում եմ։

— Ես ի՞նչ գործ ունիմ ձեր տանը։

— Պետք է միասին ընթրենք։

— Շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, ախորժակ չունեմ խնդրեմ, ինձ մեր տուն ճանապարհ դրեք։

— Անկարելի է։

— Ո՛չ, ո՛չ, ուշ է, մայրս անքուն սպասում է ինձ․․․

— Շուտ կվերջացնենք ընթրիքը, իսկույն կուղեկցեմ ձեզ ձեր տուն։

— Հոգնած եմ, Պետր Ստեփանիչ, թույլ տվեք ուրիշ անգամ ձեզ ոտ հյուր կգամ այսօրվա փոխարեն, — շարունակեց օրիորդն այս անգամ աղերսալի ձայնով։

— Աչքիս վրա տեղ ունեք ամեն օր, բայց այժմ զուր եք հակառակում, անպատճառ տանելու եմ, — պատասխանեց Դոլմազովը վճռաբար։

Մինչ Կատերինա Կարլովնան այսպես հակառակում էր, կառքը հասավ և կանգնեց Դոլմազովի տան դռների առջև։ Մի քանի րոպե օրիորդը չէր համաձայնվում իջնել կառքից։ Պետր Ստեփանիչը համոզում էր նրան, աղաչելով, խնդրելով, սակայն իզուր, օրիորդը համառությամբ կպել էր կառքին և պոկ չէր գալիս։ Դոլմազովի համբերությունը հասավ յուր վերջնակետին․ նա, բեղերը կրծոտելով, զսպեց իրան և սկսեց կրկին հորդորել օրիորդին։ Օրիորդը նույնպես դուրս եկավ համբերությունից և բարկացած հրամայեց կառապանին կառքը քշել բայց կառապանը մի շարժում անգամ չարավ օրիորդի հրամանը կատարելու։ Դոլմազովին վիրավորեց Կատերինայի վարմունքը, նրա ինքնասիրության նեղ զգացմունքները բորբոքվեցին։ Փողոցում տիրում էր լռություն։ Դոլմազովը նայեց յուր չորս կողմը և բացի կառապանից չտեսավ ոչ մի մարդ, որ վկա լիներ այդ տեսարանին։ Կառապանն առույգ ձիերի սանձը ձեռքում սեղմած, լուռ ու մունջ մեխված էր յուր տեղում, միայն երբեմն, սանձը շարժելով, նա հարվածում էր այս կամ այն ձիուն և յուր քնաթաթախ ձայնով կրկնում․ «տուբր, ստո՛․․․ո՛․․ո՛յ, պռոկլյատայա»․․․ Դոլմազովը մեկ ոտը դրեց կառքի վրա և, երկու