Էջ:Shirvanzade I hator.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առավ բաժակը և, դարձյալ մի քիչ կում անելով, տեղը դրեց։

— Ես զարմանում եմ, դուք ինչ քարասիրտն եք, որ ձեր միակ եղբոր կենացն էլ չեք խմում, — ասաց Դոլմազովն և նույնպես լիք բաժակը դրեց սեղանի վրա։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Պետր Ստեփանիչը շարունակեց խոսել, փոքր առ փոքր ոգևորվելով։ Նա ասաց, թե բախտավոր է այն մարդը, որ եղբայր ունի և, հետզհետե խոսքը դարձնելով յուր վրա (դա նրա սաստիկ ցանկությունն էր), ավելացրեց, որ ինքը նախանձում է եղբայր ունեցողներին։ Նա սկսեց գանգատվել յուր՝ իբր թե տխուր՝ ճակատագրի դեմ։ Նկարագրեց յուր վիճակն ամենատխուր գույներով, աշխատելով համոզել օրիորդին, թե որքան ինքն անբախտ մարդ է և ինչպես ճակատագիրն անգթությամբ հալածում է իրան։ Կրկնեց նույնպես, թե համոզված է, որ կարող է բախտավորվել միայն այն ժամանակ, երբ յուր կյանքը կկապի մի սիրեցյալ էակի հետ, որ կարող լիներ մասնակից լիներ նրա դառնություններին և ուրախություններին։ Նա ավելացրեց, թե հենց յուր դժբախտությունը կայանում է նրանում, որ մինչև օրս դեռ չի գտնում մի այդպիսի էակ, իսկ նա, որի վրա հույս ունի, շատ անգութ է վերաբերվում դեպի իրան․․․

Եվ այս միտքը հայտնելու ժամանակ Դոլմազովն յուր վավաշոտ աչքերը հառեց օրիորդի երեսին, որ տեսնի գոնե այս անգամ նրա վրա գոհացուցիչ ազդեցություն արի՞ն յուր խոսքերը, թե ոչ։

Կատերինան թեև ուշադրությամբ չէր լսում, բայց հասկացավ, թե Դոլմազովը ում մասին է ակնարկում, հասկացավ և ոչինչ չասաց։

— Երբ գլուխս խառն է գործերով, էլի մի կերպ օրերս անցնում են, իսկ երբ գործերից ազատվելով գալիս եմ տուն, դարձյալ մի ինչ-որ ծանրություն նստում է սրտիս վրա։ Մտիկ եմ անում չորս կողմ — ոչինչ մխիթարություն, ոչինչ թեթևություն չեմ գտնում։ Տանս պատերը, կարծես, ինձ թշնամի լինեն։ Այո՛, Կատերինա Կարլովնա, չկա մեկը, որ թեթևացնի իմ հոգին, չկա մեկը, որ կարողանա յուր քաղցր հայացքներով, յուր դուրեկան խոսակցությունով մխիթարել իմ վշտացած սիրտը։ Ճարահատյալ պառկում