Էջ:Shirvanzade I hator.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՛նչ անեմ, ո՛ւր վազեմ։ Մի կերպ խելքս գլուխս հավաքեցի և դուրս թռա․ հենց այն է ուզում էի առաջ վազել, մեկ էլ տեսնեմ աջ կողմից, կաթսաների բաժնից բոցախառն ծուխը դուրս է փչում․․․ Հասկացա, որ մեծ նավթակաթսաներից մեկը պատռվել է։ Կրակը դիմում էր դեպի յուղ մաքրելու բաժինը։ Մշակները զարթնել էին, և որը տկլոր, որը հագուստով, ամենքը դիմում էին կրակ երևացող տեղը՝ հրդեհի առաջն առնելու։ Ես իսկույն վազեցի քաղաք, որ ձեզ հայտնեմ։

Իվան Գրիգորիչի կուրծքը անհամբեր շնչառութենից արագությամբ բարձրանում և ցածանում էր։ Մի քանի վայրկյան լուռ մտածելով, նա դիմեց ծառաներից մեկին, որոնք բերանները բաց արած ուշադրությամբ լսում էին լրաբերի խոսքերը․

— Այս վայրկյանիս լծվի իմ կառքը, ես առանց րոպե ուշանալու պիտի գործարան հասնեմ։

Ծառաները վազեցին աղայի հրամանը կատարելու։

— Վերջը տունս կքանդեն, ինձ կսնանկացնեն, հետին աղքատության մեջ կձգեն, օրվա հացին կարոտ կդարձնեն այդ անիծվածները․․․ այդ անպիտանները․․․ մարդու կերպարանք ունեցող անխիղճ գազանները․․․ այդ․․․ այդ, այդ․․․

— Թող աստված պատժի այն չար մարդուն, որը համարձակվել է այս վնասը ձեզ հասցնել․․․ աստուծո կամքն է, աղա՛, մենք ինչ անենք, մենք խո չենք կրակ գցում ու այրում ձեր գործարանը։

Լրաբերը այս ասելով, գդակը ձեռքին հեռացավ պատի տակ։ Ընդարձակ նախասենյակի պատից քաշ տված կանթեղի ճառագայթները, մի րոպե տարածվելով նրա նավթախառն մուրի մեջ կորած բարձր հասակի վրա, լուսավորեցին նրա սև և կեղտոտ դեմքը։

Խիտաբույս հոնքերի տակից փայլեցին անսովոր վիշտ արտահայտող սև աչքերը։ Բաց գլխի ալեխառն մազերի բնական գույնը կորել էր թանձր կեղտի և նավթային մուրի տակ։

― Մշակն ո՛վ է, որ նրա աստվածը ո՛վ լինի,— գոչում էր Իվան Գրիգորիչը կատաղի առյուծի նման։ Մշակն աստված չունի, նրա աստվածը փայտն է։ Եթե դուք աստված ունենայիք, մի տարվա