Էջ:Shirvanzade I hator.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար։ Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր։ Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ, նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը։ Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները։ Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը։ Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից։

— Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ, — կրկնում էր նա ինքն իրան անդադար։ — Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն։ Կատերինա Կարլովնան... հը՛մ․․․ կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...

Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանաղան բաներ է պատվիրում և այլն։

Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն։ Սմբատը զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնայի հետ ձեռք-ձեռքի տված։ Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է։ Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը։ Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին։ Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ։ Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն։