Էջ:Shirvanzade I hator.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատժված աշակերտը աչքերը սրբում էր և ցավը մոռանում։

Երկրաշարժը պատահած րոպեին Բարխուդարը դարձյալ բարկացած էր աշակերտներից մեկի վրա։ Նա հենց նոր էր վերջացրել կշտին դրած մոմի կռուճները, գազաչափերը, մահուդի կտորտանքը և ուզում էր տեղից բարձրանալ, երբ բոլոր մարմնով դողաց և «թրըփ» մեկ էլ նորից նստեց տեղը։

— Ուստա, դո՛ւրս թռիր, տափը տիրուն ա կյամ, — գոռաց քյարգյար Սարգիսը և, պատասխանի չսպասելով, ինքը մի ոստումով թռավ փողոց։

Բարխուդարը և աշակերտները անմիջապես հետևեցին նրան։

— Սարգի՛ս, դուքանը ձեռաց կապիր, ես տուն եմ վազում, — ասաց և գդակը գլխից հանելով (ինքն էլ չգիտեր ինչու), վազեց դեպի տուն։

Տունը բավական հեռու էր, գտնվում էր քաղաքի մյուս ծայրում։ Ամբողջ ճանապարհը Բարխուդարը պիտի բարձրանար դեպի վեր, որ մի մեծ դժվարություն էր նրա համար այդպիսի դրության մեջ։ Նա սկսեց յուր երկայն ոտներին ուժ տալ։ Մի քանի քայլ չանցած, նրան հանդիպեց Հայրապետը։

— Զրընգ, զրընգ, փշրվեցին, Բարխուդար, տունս քանդվեց։

— Քեչի ջան հարայընդա, ղասաբ — փի,[1] — պատասխանեց միայն Բարխուդարը, ուշադրություն չդարձնելով Հայրապետի վրա և մինչև անգամ չնայելով նրա երեսին։

Հարևաններր շարունակեցին իրանց ճանապարհը դեպի տուն։ Բարխուդարը արագիլի նման էր ընթանում, մինչդեռ Հայրապետը հազիվ հազ կարողանում էր հետևել նրան։ Կարճահասակ մարդը ճարահատյալ սկսեց վազ տալ, որպեսզի հետ չմնա յուր հարևանից։

Քաղաքը չէր հանդարտվում, փողոցները դեռ լիքն էին խառնիճաղանջ ամբոխով։ Հայրապետը և Բարխուդարը դժվարությամբ էին կարողանում իրանց համար ճանապարհ բանալ։ Ամեն մի քայլափոխում նրանց առաջ հանդիսանում էին մեկը մյուսից զարհուրելի տեսարաններ։ Մի կողմում երեք-չորս մարդիկ փալասի մեջ փաթաթած տանում էին բազարից դեպի տուն իրանց ազգականներից

  1. Այծն յուր կյանքի հոգսումն է, իսկ սպանդագործը նրա ճարպի: