Էջ:Shirvanzade I hator.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրարու հետ քչփչալով։ Սուսանը և Սեյրանը պառկած էին Բարխուդարի ձախ կողմում, ջոկ-ջոկ անկողինների մեջ։

Սեյրանի գլուխը և ձախ աչքը փաթաթված էին կարմիր թաշկինակով։ Սուսանը բոլորովին անվնաս էր պրծել։

Վտանգից փրկված մանուկները, իրարու դեմ պառկած, խոսակցում էին մի քանի ժամ առաջ իրանց գլխով անցած փորձանքի մասին։ Նրանք խոսում էին այնպիսի սառնասրտությամբ, որ կարող էր ամաչեցնել հասակավորներին։

— Ես հողի տակ չլսեցի կարմիր կովի ձայնը, — ասում էր Սեյրանը։

— Ես լսեցի․ նա մին բառաչում էր, մին բառաչում էր, որ ջանս զարզանդում էր, — պատասխանեց Սուսանը։

— Ի՞նչպիսի կով էր․ պոզեր ունե՞ր։

— Ուներ, ուներ, ամեն պոզը էն ծառի բոյի, — Սուսանը յուր փոքրիկ ձեռքով ցույց տվավ բակում գտնվող կանաչազարդ թթենին։

— Աչքեր էլ ունե՞ր, — կրկին հարցրեց Սեյրանը։

— Բաս, բաս, այ էսպես, — Սուսանը վերմակի տակից հանեց երկու ձեռները և, նրանց ծայրերը իրարու մոտեցնելով, կռներով մի շրջանակ կազմեց։

— Ես պոզերն էլ տեսա, գլուխն էլ տեսա, աչքերն էլ տեսա, — շարունակեց Սուսանը, չիմ տեսա, չիմ։ Սեյրան, նա բերանը բաց էր արել ու ինձ ասում էր․ «Սուսան, Սուսան, ես քեզ կուլ կտամ, իմանո՞ւմ ես»։ Սեյրան, նրա բերանից, քթի ծակերից, աչքերից մին կրակ էր փչում, մին կրակ էր փչում, որ կասես, մեր էն մեծ թոնիրն էր։ Դու տեսե՞լ ես մեր մեծ թոնիրը։

— Հա՛, տեսել եմ։

— Իմանո՞ւմ ես, որ հաց թխելիս նրա մեջ ալովը ինչպես է «գուփ-գուփ» անում։

— Հա, տեսել եմ, իմանում եմ։

— Այ, կովի բերանի կրակն էլ հենց էնենց «գուփ-գուփ» էր անում։ Իմանո՞ւմ ես։ Բաս լեզուն, էլ մի՛ ասա, վա՜յ, վա՜յ․ հենց կասես, որ նոր թխած կարմիր հաց լիներ։

— Սուտ ես ասում, ես չեմ հավատում, — ընդմիջեց նրան Սեյրանը, ուղղելով յուր գլխի թաշկինակը։