Էջ:Shirvanzade I hator.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կառավարությունը տեսնելով, որ քաղաքը չի դադարում, ստիպված եղավ նահանգապետությունը փոխադրել Բաքու։ Այս եղավ մի ուրիշ հարված, որից հետո քաղաքը միանգամայն զրկվեց կենդանությունից։ Քանի գնաց, այնքան նրա դրությունը թշվառացավ։ Առևտուրն ընկավ, ժողովուրդն օրըստօրե սկսեց աղքատանալ։ Շատերը ստիպվեցին թողնել իրանց պապական երկիրը և գաղթել ուրիշ քաղաքներ օտարության մեջ օրական ապրուստ հայթայթելու։ Մեծ մասամբ գաղթում էին հայերը, որոնք գլխավորապես գնում էին Ղուբա, Դերբենդ, ուր այդ ժամանակները տորոնի արդյունաբերությունը նախանձելի վիճակի մեջ էր։ Իսկ մյուս մասը գաղթում էր Դաղստանի զանազան կողմերը, Պետրովսկ, Վլադիկավկաս, Թեյմուրխան-Շուրա, Բաքու և Անդրկասպյան երկիր։

Այս ընդհանուր գաղթականության ախտը, որ խիստ վարակիչ էր, չհամարձակվեցավ մոտենալ ոչ Բարխուդարին և ոչ Հայրապետին։

Առաջինն այսպես էր դատում։

— Ես դերձակ մարդ եմ, իմ արհեստս թուրքերի հետ է կապված, թուրքերն էլ, փառք աստուծո, իրանց տեղումն են։ Նրանք մեզանից խելոք են, իրանց պապական օջախը չեն քանդում մեր հայերի պես ու օլքա-օլքա ընկնում մի կտոր հացի խաթրու։ Թե որ աստված մարդուս ճակատին մի կտոր հաց է գրել, նա որտեղ որ լինի, կուշտ կլինի, թե չէ, ու չէ։

Իսկ Հայրապետը այսպես էր դատում․

— Թուրքն ասում է․ «քյոռ իչուն համսի բիր, յա բուրդա, յա Բաղդադդա»։ Մի քանի հարյուր կուժ ու կուլա բարձած ի՞նչտեղ կարող եմ գնալ, ի՞նչ կարող եմ անել։ էլի Շամախում մի բան կա․ ճշմարիտ է, ասելը մեղք է, բայց դրուստը պիտի խոստովանեմ, որ երկրաշարժը թեև ինձ վնասեց, խեր էլ տվավ, չունքի քաղաքում էլ սաղ կուժ ու կուլա չի մնացել, հիմա ամենքը մեկ էլ նորից են առնում։ Առևտուրս զոռ է։

Եվ այսպես, Բարխուդարն ու Հայրապետը մնում էին Շամախում։