Էջ:Shirvanzade I hator.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


— Շատ լավ ես հասկանում։ Ուզում եմ ասել, թե մի աղջիկ, որ ուզենա մի տղի հետ սիլիկ-բիլիկ անել, ծնողներին այնպես կխաբի, նրանց աչքերը այնպես կկապի և իրան բանը այնպես կդրստի, որ սատանան էլ իր սատանությունով չի իմանալ, ինչպես։

— Մեր քաղաքի աղջկերքը չեն անիլ։

— Հը՜մ, շատերն են անում։

— Ով։

— Ո՞վ․ հենց մինը Աշխանանց Զարաֆիլը․ վարսը կտրվածն ինչեր չի անում իրանց հարևան Բալասիի հետ։ Հըմ, ի՞նչ է, զարմանո՞ւմ ես, բաս ֆիքրդ ի՞նչտեղ է, էէէ՛, մեր քաղաքում բաներ են լինում, որ․․․

Սուսամբարը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց։

— Դա բենամուսություն չէ՞, Սուսամբար։

— Շատ էլ լավ են անում․ մեր հոր ու մոր հախն է։ Ինչ բենամուսություն․ հենց քեզ ու Սեյրանին վերցնենք, հազար ինձանից կեղես, ես էլի իմանում եմ, որ դու նրա սրտի, նա էլ քո սրտի մեջն է։ Հիմա որ․․․

— Կտրիր, կտրի՛ր ձայնդ, — ընդհատեց Սուսանը բարկացած, կրկին կարմրելով։

— Ի՞նչ ես նա՛զ ու բազ անում, ճշմարիտ խոսողի փափախը ծակ է լինում, ասում են։

— Հերիք է, լա՜վ։

— Արխային կաց, թե շամբալութից [1]յուղ դուրս կգա, ինձանից էլ խոսք դուրս կգա ուրիշների մոտ քո մասին։

— Թե ինձ սիրում ես, էլ մի՛ խոսի։

— Աչքիս վրա, ես էլ նեղացել եմ, օրն էլ մթնեց, գնամ տանը թառ լինիմ։ Մնաս բարով, քի՛չ ֆիքր արա, առանց այն էլ մաշվել ես։

— Մնաս բարով։

VII

Այդ օրից անցել էր մի շաբաթ։ Ուշ երեկո էր։ Բարխուդարը, սենյակում նստած, կար էր անում։ Մուշտարիներից մեկը մտադիր

  1. Շագանակ: