Էջ:Shirvanzade I hator.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր մանկության օրերը դեռ երկրաշարժից առաջ։ Նա հիշում էր այն լուսնյակ երեկոները, երբ ինքր յուր մոր կշտին սրահում նստած, ուշադրությամբ լսում էր վերջինի պատմությունը լուսնի և երկնքի մասին։ Սուսանը բառ առ բառ մտաբերում է այդ պատմությունը, որին այժմ էլ հավատում է։ Նա հավատում է, որ երկինքը առաջ երկրին շատ մոտ է եղել, այնքան մոտ, որ մարդու ձեռքը հասել է․ բայց մի անգամ մի կին երեխայի տեղը սրբել է լավաշով ու գցել դուրս։ Աստված տեսնելով, որ կինը իրան տրված առաջին պարգևը, հացը, այդպես ապականում է, բարկացել է, երկինքը վերցրել է ու հեռու քաշվել։ Իսկ լուսնի մասին Սուսանը մտաբերում է, որ նա, այսինքն լուսինը, Մարիամ աստվածածնի աղջիկն է եղել առաջ։ Թե նա զարմանալի գեղեցկություն է ունեցել, այնպիսի գեղեցկություն, որ մարդիկ նրա երեսին մտիկ անել չեն կարողացել։ Թե ով որ ուզեցել է մտիկ անել, նրա աչքերը լուսից և գեղեցկությունից կուրացել են։ Թե մի օր Մարիամ աստվածածինը լոշ թխելու համար խմոր հունցելիս նրա քաղցած որդիքը հավաքված են եղել իրանց մոր շուրջը։ Սրանց մեջ եղել է և աղջիկ Լուսինը։ Լուսինը շատ անհամբեր աղջիկ է եղել։ Նա գնացել է եկել ու յուր մոր, Մարիամ աստվածածնի գլուխը ցավացրել, թե «շուտ արա, մայրիկ, շուտ արա՛, լոշը թխիր, քաղցած եմ»։ Վերջապես, Մարիամ աստվածածինը համբերությունից դուրս է եկել, բարկացել է և խմորաթաթախ ձեռքով մի ապտակ է տվել Լուսնի գեղեցիկ երեսին։ Խմորի կտորները կպել են Լուսնի երեսին ու մինչև այժմ էլ չորացած մնում են։

— Այ, ղորթ որ հրեն, քանի-քանի տեղեր արատներ են մնացել, — ասաց ինքն իրան Սուսանը, նայելով լուսնի երեսին։

Հետո իսկույն նա մոռացավ լուսինը, և այս անգամ նրան զբաղեցրին ուրիշ հիշատակներ։ Անցան և այս հիշատակ¬ները, նրանց փոխարինեցին ուրիշները։ Սակայն այս բազմաթիվ խառնիխուռն հիշողությունների մեջ կա մի ուրիշ միտք, որի շուրջը պտտում են մյուսները, որը հանգիստ չի թողնում Սուսանին և որից նրա սիրտը բաբախում է։ Կա մի էակի կենդանի պատկեր, որ չի հեռանում նրա աչքերի առջևից։ Ահա նա, գլխաբաց ու ոտաբոբիկ դեմ ու դեմ գտնվող թթենու գագաթը բարձրացած, և ճարպիկ կատվի նման