Էջ:Shirvanzade I hator.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա, — որ մին էլ էս ղալաթները չանի, էլ ոչ ես, ոչ դու, Հայրապետ մեր բարեկամությունը կկտրվի մինչև հավիտենական դուռը»։

Լսելով այս խոսքերը, Հայրապետը բազարի մեջ մնաց տեղն ու տեղը։ Նա մի քանի վայրկյան ոչ կարողացավ շարժվիլ, ոչ կարողացավ խոսիլ, միայն գլուխը ծռեց դեպի աջ ուսը, հոնքերը վեր քաշեց, աչքերը չռեց, ծնոտը լախացրեց և ապշած սկսեց նայել Բարխուդարին, որ այդ միջոցին մի քանի քայլ առաջ էր գնացել։ Տեսնելով որ յուր հարևանը կանգնեց, ինքն էլ հետ նայեց և նրա հայացքը ընկավ ուղիղ Հայրապետի դեմքին։

— Հը՛մ, ցուրտ է, բաս, սառած կմնաս բաս չէէ՛։ Ականջներդ բաց արա ու լավ լսիր, թե որ լակոտիդ ջլովը ձեռդ չառնես, մեր բանը վերջացած է։

Հայրապետը դարձյալ ոչինչ չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան ևս զարմացած մտիկ տվավ ու վազեց։

«Գնաց, որ տընգըզի, թո՛ղ տընգըզի, ա՛խ, թե իմ էլ ձեռս կընկնես, Սեյրան լակոտ, մեծ թիքադ ականջդ կթողնեմ», — ասաց Բարխուդարը և շարունակեց յուր ճանապարհը։

Հայրապետը, գնալիս, ճանապարհին ինքն իրան խոսում էր, զանազան հիշոցներ էր տալիս, հայտնի չէր ո’ւմ, և ձեռներով ու գլխով անսովոր շարժումներ անում։ Անցորդները տեսնելով նրան, կանգնում էին ու մտիկ անում զարմացած, «գժվե՞լ է էս մարդը, ինչ է» կրկնելով։

Վերջապես, Հայրապետը հասավ տուն։ Սեյրանը տանը չէր։ Հայրապետը մտավ խոհանոց Մարիամ բաջուն տեսնելու, բայց նրան ևս այնտեղ չգտավ։ Նա կամեցավ անմիջապես գնալ Բարխուդարանց տուն, բայց հետո փոշմանեց և, մի քանի քայլ չանցած, կրկին վերադարձավ յուր սենյակը։

Քառորդ ժամից հետո ներս մտավ Մարիամ բաջին։

— Քեզ նման կնկա սիրտը պիտի հանեմ, շամփրին քաշեմ ու թեժ կրակի վրա դես խորովեմ, դեն խորովեմ, որ բալքա սիրտս հովանա, — գոռաց Հայրապետը, հարձակվելով յուր ամուսնու վրա։

Մարիամ բաջին իսկույն հասկացավ նրա բարկության պատճառը։

— Ես ի՛նչ մեղավոր եմ, այ մարդ, որ իմ գլուխս ես ծակում։