Էջ:Shirvanzade I hator.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջոցը — ծեծը։ Մարիամ բաջին աշխատում էր խելքի բերել Սեյրանին յուր մայրական քնքուշ խրատներով։

— Այ գեդա, այ գեդա, խնայիր մեզ, անուններս տափը մի՛ կոխիր, խելքի ե՛կ, գնա՛ բանիդ։

— Կթակի, չեմ ուզում։

— Հուրսը քնել է, լավ է, բաշխել է, մի՛ վախենար։

— Հըմ, մի վախենար։ Սմբատն ասում է, ամեն օր անունս լսելիս, բեղերը կրծոտում է։ Չէ, չեմ ուզում, լավ է քաղցած մեռնիմ, քան թե նրա երեսը տեսնեմ։ Ես թակից չեմ վախենում։

— Բաս ինչի՞ց ես վախենում։

— Ամաչում եմ, ամոթ է։

— Մին բան ես բռնել, որ չամաչե՞ս, սև երես գեդա։

Սեյրանի համար ամենացավալի բանն այն էր, որ չարագուշակ երեկոյից հետո չէր կարողանում տեսնել Սուսանին, հարցնել, իմանալ նրա դրությունը։ «Ո՛վ գիտե, կարելի է նա նեղացած է ինձանից, որ ես համբուրեցի և այսքան չարչարանքների պատճառ դարձա», — ասում էր ինքն իրան Սեյրանը։ «Բայց չէ, այստեղ համբույրը չի գլխավոր պատառը․ ասում են, որ Բարխուդարը վաղուց է իմացել մեր տեսնվելը»։ Ահ, մի անգամ էլ նա տեսնե Սուսանի երեսը, հարցնե, իմանա նրա միտքը, հետո ինչ ուզում են, թող անեն նրան․․․

Եվ այս նպատակին հասնելու համար գիշեր ցերեկ նա տածում էր, տեսակ-տեսակ ծրագիրներ էր կազմում։ Ամեն երեկո մութն ընկնելուց հետո, նա վազում էր ու թաքնվում Բարխուդարանց տան պատերի տակ, որ գուցե Սուսանը բակը դուրս գալու Ժամանակ, նրան հանդիպի։ Բայց իզուր, Սուսանը չէր երևում, կարծես նա չկար աշխարհում։ «Չլինի թե հիվանդ պառկած է անկողնում», — մտածեց մի օր Սեյրանը։ Բայց հետևյալ օրը նա կողմնակի կերպով հարցրեց այս մասին Սմբատից, և վերջինի խոսքերից երևաց, որ Սուսանը վաղուց է առողջացել։

Այսպես Սեյրանը մի ամբողջ ամիս անցկացրեց։

Կեսօրվա ժամի մեկն էր։ Արեգակը կիզում էր։ Այն փողոցը, ուր գտնվում էին Բարխուդարի և Հայրապետի տները, դատարկ էր։