Էջ:Shirvanzade I hator.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես թե այնպես, մոտեցավ կեսօրվա ժամանակը։ Ճաշն արդեն պատրաստ էր։ Այն ժամանակ մեր քաղաքում միմիայն հարուստների տներումն էին գտնվում աթոռներ, սեղաններ և ուրիշ եվրոպական կահ կարասիք, իսկ մեզ նման չունևորները դեռ ապրում էին հին, ասիական եղանակով։ Մայրս մեր բավական ընդարձակ սենյակի հատակի վրա տարածելով կապտագույն սփռոցը, ծածկեց նրան զանազան տեսակ համեստ, էժանագին, բայց համեղ ուտելիքներով և մրգեղեններով։ Հայրս սպասում էր հյուրերին, իսկ ես անհամբերութենից քիչ էր մնում, որ տրաքեի։ Այդ օրն ուրախութենիցս շատ դես ու դեն վազվզելով, հոգնել էի և սաստիկ քաղցել։ Ես գայլի ախորժակով սպասում էի այն րոպեին, երբ պիտի ձեռքս հասցնեի իմ սիրած կերակրին։

  Վերջապես, հյուրերն եկան և ամենքը, առանց երկարացնելու, ծալապատիկ շարվեցին փափուկ մինդարների վրա, սեղանի շուրջը։ Հայրս ինձ հրամայեց ոտքի վրա ծառայություններ անել։ 
  Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ օղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ վարելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում․ նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը։ Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։ 
   — Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես, — ասաց նա, — աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ։ Աոաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեզ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ,