Էջ:Shirvanzade I hator.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիամ բաջին երեսը շուռ տվավ նրանից։

— Չէ, տեսնում եմ, որ գարիդ շատ է ընկել, բաս, որ էդպես է, ա՛ռ, աղբեր, դա — քեզ, նա ինձ, հա, ջանըմ, դա — քեզ, նա — ինձ։

Այս ասելով Հայրապետը վերցրեց յուր գլխից գլխարկը և Մարիամ բաջու գլխից — շալը։ Գդակը դրավ ուժով Մարիամ բաջու գլխին, իսկ շալը ձգեց յուր գլխին։

— Հիմա, համեցեք ես մեղա աստուծո, դու մարդություն արա՛, օրես դեն, ես կնիկություն կանեմ։

— Յարաբ, աստված, էս մարդուն մի ծտի խելք էիր տվել, էդ էլ ինչո՞ւ խլեցիր, — ասաց Մարիամ բաջին, գդակը գլխից մի կողմ շպրտելով և յուր շալը Հայրապետի գլխից քաշելով։

Գդակն ընկավ անկողնի վրա։ Սեյրանը զարթնեց։

Նա վերմակը հետ քաշեց և գլուխը բարձրացրեց։ Հայրապետը մոտեցավ, որ գղակր վերցնի անկողնի վրայից։ Մի վայրկյան հոր ու որդու հայացքները հանդիպեցին իրարու։ Հայրապետն արագությամբ երեսը շուռ տվավ, որ որդու երեսը չտեսնի։ Սեյրանի դեմքը արտահայտում էր հոգեկան տարօրինակ տանջանք։ Արդյոք, ո՞րն էր այս վայրկյանին վշտացյալ պատանու մեջ զորեղ — խղճի խայթոցը ծերունի ծնողներին պատճառած ցավերի մասին, թե սեփական տանջանքը։

— Ջուր, — արտասանեց Սեյրանը թույլ ձայնով։

Մարիամ բաջին շտապեց բավականացնել նրան։ Սեյրանը նկատեց, թե ինչպես հայրը իրանից երեսը շուռ տվավ զզվանքով, նրա երեսը շառագունվեց։

— Առ, խմի՛ր, — ասաց Մարիամ բաջին, ջրով լի բաժակը մոտեցնելով որդու բերնին։

— Ո՞րտեղդ է ցավում, — հարցրեց, երբ Սեյրանը բաժակը ագահությամբ դատարկելով հետ դարձրեց։

— Գլուխս, — պատասխանեց Սեյրանը և, կրկին վերմակը գլխին քաշելով, պառկեց։

— Մի քիչ նստիր, խոսիր, որ քեֆդ բացվի, բալաս, հերիք է քնածդ, — շարունակեց Մարիամ բաջին, խնամքով ծածկելով յուր որդու ոտները վերմակի ծայրով։