Էջ:Shirvanzade I hator.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժպտալով արևի երեսին — ձմեռային արևի, որի ջերմությունը տակավին անզոր էր թափանցել նրա ստորոտային կեղևի մեջ անգամ։ Կարծես, օդի մաքրությունը սեղմել, կարճացրել էր հարյուր վերստ տարածությունը, այնքան հսկայական լեառը Ռոստամյանի լուսամուտից երևում էր պարզ ու որոշ, նկարված հակնթագույն երկնակամարի վրա։

Անցել էր կես ժամ այրի Նատալիայի դուրս գնալուց։ Ռոստամյանը նոր խորասուզվել էր յուր գործի մեջ։ Հանկարծ լսվեց փողոցային դռների զանգակի ձայնը։ Սկզբում Ռոստամյանը ուշադրություն չդարձրեց, բայց երբ ձայնը մի քանի անգամ կրկնվեց, տրտնջալով դուրս եկավ և մուգ-կարմրագույն փայտաշեն մաքուր սանդուղքով ցած իջավ։ Նա բաց արավ դռներն և պատրաստ էր բարկացած արտասանել, «ի՞նչ եք կամենում», երբ նրա առջև բացվեց մի պատկառելի պատկեր։ Նա, փոխանակ կոշտ հարցը տալու, հարգանքով հետ քաշվեց։

Դա մի բարեդեմ ծերունի էր, ալեխառն մազերով ու միրուքով, հագնված խիստ մաքուր և հարուստ։ Մի ձեռով հենված ձեռնափայտի վրա, մյուս թևի տակ նա սեղմած ուներ բազուկը մի երիտասարդ կնոջ, որի դեմքը կիսով չափ ծածկված էր նուրբ կինեմոնագույն շղարշով։

— Ասացեք, խնդրեմ, այստե՞ղ են բնակարան վարձով տալիս,— հարցրեց ծերունին դուրեկան ձայնով և քաղաքավարի կերպով գլխարկի ծայրը քիչ շարժեց։

— Այո,— պատասխանեց Ռոստամյանը, նույնպես գլուխ տալով։

— Կարելի՞ է տեսնել։

— Բարեհաճեցե՛ք։

Նա մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տա ծերունի տղամարդուն և երիտասարդ կնոջը։

Բնակարանր գտնվում էր պատշգամբի մյուս կողմում, ուղիղ Ռոստամյանի բնակարանի դեմ ու դեմ։ Երեք ամիս էր, որ նա դատարկ էր, և այս երեք ամսվա ընթացքում, գրեթե ամեն օր, այրի Նատալիան Ռոստամյանին խնդրում էր վարձողներ գտնել։ Տունը սեփական էր և մնացել էր այրիի հանգուցյալ ամուսնուց, իբրև