Էջ:Shirvanzade I hator.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
V

— Բավական է ինչքան քաղաքից քաղաք, երկրից երկիր թափառեցինք, սիրելի Վարիա, բավական է։ Պետք է, որ մոռանաս անցած գնացած բաները։ Դու գիտես, որ աշխարհիս երեսին, բացի քեզանից, ուրիշ մխիթարություն չունիմ։ Տեսնո՞ւմ ես իմ գլխի մազերը․ ես, փառք աստուծո, այնքան էլ ծեր չեմ, բայց ահա՛, նայի՛ր և տես, թե վերջին երկու տարվա մեջ ինչպես ճերմակել են։ Հիսունուհինգ տարիս պիտի լրանա հունիսի քսանումեկին, բայց տեսնողը կարծում է, որ յոթանասունուհինգից ավելի եմ։ Ի՞նչ է պատճառը։— Ցավերս, և բոլոր ցավերիս մեջ — դու, քո հոգսը։ Սկսած տասնութ տարեկանից, մինչև երեսունուհինգ տարեկան հասակս աղքատություն եմ քաշել, բայց ոչինչ, ես էլի ժամանակից առաջ չեմ ծերացել։ Ես ապրել եմ ինքնագլուխ, կրթվել եմ ինքնագլուխ, փող եմ աշխատել իմ արյուն ու քրտինքով, էլի աղքատացել եմ, էլի հարստացել եմ, անուն եմ ձեռք բերել․ է՜հ ինչ ասեմ, հազար տեսակ նեղություններ եմ քաշել, բայց այսքան չեմ տանջվել։ Հինգ երեխա, հինգ միմյանցից գեղեցիկ երեխաներ և քսանույոթ տարեկան երիտասարդ կնիկ եմ թաղել և, ճշմարիտ է, տանջվել եմ, բայց այսքա՜ն ո՛չ․ ու՞մ պատճառով եմ այժմ այս օրին հասել։ — Քո պատճառով։ Դու անբախտ ես, ես էլ եմ անբախտ։ Այժմ, Վարիա, ինքդ քեզ չես խնայում, ինչ անեմ, մի՛ խնայիր, բայց գոնե ինձ խղճացիր։ Ա՜խ, Վարիա, դու սիրտ չունիս, թե չէ կթողնեի՞ր, որ ես այսքան աղաչեմ քեզ։

Արտասանելով վերջին խոսքերը, Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Հետո նա դարձյալ կանգնեց Վարվառեի առջև և, մեջքից փոքր ինչ թեքվելով, շարունակեց ավելի ցածր ձայնով․

— Միթե ես չե՞մ իմանում, որ մեղավորը նա է, որ նա կեղտոտ է, անպիտան է, փչացած է։ Բայց, ի՞նչ պիտի արած․ լավ է, վատ է, քոնն է, դո՛ւ պետք է թաքցնես քո ցավերը։ Թողություն է խնդրում, աղաչում է, երդվում է, որ այսուհետև գլուխը քո կոշիկներից վեր չի բարձրացնիլ։ Վարիա, հոգիս, մարդասպանի հանցանքը