Էջ:Shirvanzade I hator.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երևեցավ դարձյալ Կատոյի ամուսինն, այս անգամ միայնակ, և կրկին անցավ Վարվառեի ու Ռոստամյանի առջևից։ Ռոստամյանն երեսը դարձրեց մյուս կողմ, կարծելով, թե նա կամենում է մոտենալ իրան։ Իսկ նա մի քանի քայլ հեռու կանգնեց և սկսեց, իբրև թե, մտիկ անել կանթեղի մոտ, պատի վրա քաշ արած յուղանկարին։

Վարվառեն բավական ուրախ էր երևում։ Նա սկսեց հաղորդել Ռոստամյանին յուր տպավորությունը, որ ստացել էր երեկույթից։ Ռոստամյանը լսում էր արտաքուստ ուշադրությամբ, բայց ներքուստ նրա միտքր զբաղված էր միմիայն յուր խոսակցի դրությամբ։ Երբեմն նա յուր վրդովված հայացքը դարձնում էր Կատոյի ամուսնու վրա, որ աննշմարելի կերպով փոքր առ փոքր մոտենում էր նրանց։

— Այդ մարդն ի՛նչ երկար ժամանակ նայում է նկարին,— նկատեց Վարվառեն, ակամա ուշադրություն դարձնելով Կատոյի ամուսնու վրա։

— Ա՜խ, նա նկարին չի նայում, Վարվառա Մինայեվնա,— պատասխանեց Ռոստամյանը։

— Բայց ինչո՞ւ է կանգնել այդտեղ․ նայեցե՛ք, մոտենում է մեզ։

— Մոտենում է, և գիտե՞ք ինչու։

— Ինչո՞ւ։

— Որ ականջ դնի մեր խոսակցությանը։

— Մի՞թե հետաքրքրելի է նրա համար ուրիշների խոսակցությունը։

— Յուր համար— չեմ կարծում, բայց նա ուղարկված է յուր կնոջ կողմից։

— Կնոջ կողմի՞ց։

— Այո՛։

— Ուրեմն նա մեզ լրտեսո՞ւմ է յուր կնոջ հրամանով։

— Ինչպես տեսնում եք, այո՛,— պատասխանեց Ռոստամյանը,— նա ինքն հավատարիմ ամուսին է,— ավելացրեց նա իսկույն օգտվելով առիթից, որ մի քայլ մոտենա խոսակցության ցանկալի առարկային։