Էջ:Shirvanzade I hator.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվեհեր․․․ Մի պահանջեք նրանցից ճիշտ գաղափար իսկական հերոսության մասին։

Նրա ձայնը հետզհետե խեղդվում էր։ Նա հազիվ հազ շունչ էր առնում։ Մի քանի վայրկյան դարձյալ լռեց, որ շունչ քաշի, և ապա շարունակեց․

— Ում հոգին մեծ է, ընդարձակ է և՛ նրա մտքերի հորիզոնը․․․ դուք հասկանում եք իմ ասածը, Վարվառա Մինայեվնա։ Երբ կապանքն անտանելի է դառնում, նրան․․․ գիտեք․․․ պիտի ատել, արհամարհել, պիտի խորտակել։ Ասացե՛ք, զգո՞ւմ եք դեպի ինձ գեթ տասներորդ չափն այն սիրո, որ ահա ինձ հասցրել է այս օրին։ Եթե զգում եք, անկարելի է, որ երկար մտածեք։ Բայց, տեր աստված, դուք դեռ սարսափում եք նախապաշարմունքներից։ Ա՛խ, եթե իմանայիք, թե ինչ է թաքնված առօրյա առաքինության դիմակի տակ, թե որն է հանցանքը և որն է սողուններից հանցանք համարված անարատությունը։ Խոսեցե՛ք, Վարվառե, մի՜ լռեք։ Ահա՛, ձեր առջև կանգնած է մի ոչնչություն, որ առաջ մարդ էր, ապրում էր, դո՛ւք միայն կարող եք նրան կրկին կենդանություն տալ․․․ Կարդացե՛ք, ուրեմն, իմ ճակատագրի վճիռը․․․ Տեսնո՞ւմ եք ինչ օրի եմ հասել․․․

Արդարև, նա ներկայացնում էր մի խղճալի պատկեր, այնքան ծայրահեղ զգացմունքներն ընկճել էին նրան և այնքան նա մոռացել էր ինքն իրան։ Իսկ Վարվառեն, մի ձեռը հենած կոլորակ սեղանի ծայրին, մյուս ձեռով աչքերը ծածկած, լուռ, անշարժ, լսում էր բորբոքված սրտից բխող խոսքերը, որ երբեմն կրկնվում էին և երբեմն արտասանվում թերի, անկապ։

— Լռո՞ւմ եք․․․— շարունակեց Ռոստամյանը, դարձյալ մոտենալով Վարվառեին և հանդարտ ձեռն աչքերից հեռացնելով։— Դուք չե՞ք ուզում խոսել, միթե ա՞յդ է ձեր պատասխանը, մի սառն լռություն իմ կրած տանջանքների համար։ Ուրեմն ես զո՞ւր իմ կյանքը հանձնեցի սրտիս ու հոգուս հաճույքին․․․ ուրեմն իմ ներքին ձայնն անգթությամբ խաբե՞ց ինձ և դարձրեց ծիծաղելի ձեր աչքում․․․

— Ես հայր ունիմ․․․— ցածր ձայնով արտասանեց Վարվառեն, բուռն ջանք գործ դնելով, որ զսպե իրան։