Էջ:Shirvanzade I hator.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Ռոստամյանը, տակավին կաշկանդված դյութական մերձավորությամբ, չէր շարժվում յուր տեղից։

Փողոցի լուսամուտից լսվեց կառքի դղրդյուն, որ հանկարծ ընդհատվեց։

— Լսո՞ւմ եք։ Նա եկավ․․․ հեռացե՛ք, եթե սիրում եք ինձ․․․

Արդեն սանդխտի վրա լսվեց մեկի ոտնաձայնը։ Այլևս ուշ էր թաքնվելը։ Ռոստամյանը, հուսահատ դրության մեջ, դուրս եկավ դռներից ոլոր-մոլոր քայլերով։

Մի ձեռում մի փունջ մանուշակ, մյուս ձեռում ձեռնափայտը, սենյակի դռներին մոտենում էր Մինաս Կիրիլլիչը։

Եթե Ռոստամյանը նույն րոպեին կարողանար համարձակ նայել ծերունու կողմ, կտեսներ, թե ինչպես վերջինն ապշած, անշարժ մնաց պատշգամբի վրա, տեսնելով նրան դռների մոտ։ Բայց նա, հազիվ-հազ քայլերը փոխելով, շտապում էր խույս տալ ծերունուց։

Այդ միջոցին նրա ականջին հասավ մի բարձրաձայն ծիծաղ։ Նա գլուխը բարձրացրեց և յուր մթնած աչքերով Նատալիա Պետրովնայի բնակարանի լուսամուտներից մեկի մեջ տեսավ մի փոքրիկ գլուխ երկու սևորակ խորամանկ աչքերով։

X

Օրը բավական շոգ էր, ամենքը զբոսանքից հոգնած, վերադառնում էին իրենց տները, ճաշելու ժամանակ էր։ Հուզված սրտով, ամոթահար, շփոթված մտքերով, սակայն երջանիկ զգացմունքով Ռոստամյանը դիմեց դեպի քաղաքի կենտրոնը։

Ո՛ւր էր գնում — ինքն էլ չգիտեր։ Նա կամենում էր առանձնանալ մի տեղ և անձնատուր լինել յուր զգացմունքներին։ Քաղց նա տակավին չէր զգում և ոչ էլ գիտեր, թե արդեն երրորդ ժամն է։ Քաղաքի առաջնակարգ փողոցներից մեկում, մի բարձր շինության ներքին հարկի ապակյա դռների վրա, նրա աչքին րնկավ խոշոր ֆրանսերեն տառերով գրված «Կոֆե-Ռեստորան» խոսքը։