Էջ:Shirvanzade I hator.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրպանում, Ռոստամյանը դուրս էր գնում և ներս գալիս։ Երրորդ օրն, առավոտը նա տեսավ, որ ծերունին դուրս գնաց։ Նա լուսամուտից նայեց ծերունու հետևից և երբ վերջինն անհայտացավ, նա դուրս եկավ պատշգամբ։ Մատրենան ստեպ-ստեպ անց ու դարձ էր անում խոհանոցից դեպի սենյակներն և հետ։ Ռոստամյանը որսաց հարմար վայրկյան և մատով կանչեց պառավին յուր մոտ։

— Մատրենա, քեզ մի խնդիր ունիմ, պիտի կատարես — ասաց նա, աղախնին տանելով պատշգամբի անկյունը։

— Հրամայեցե՛ք,— ասաց ռուս պառավը, ուրախանալով, որ մի այնպիսի երիտասարդ գեղեցիկ պարոն խնդիր ունի դեպի նա։

— Ահա, այս թուղթը հենց այս րոպեիս հասցրու Վարվառա Մինաևնային։ Բայց ոչ ոք չիմանա։ Բռնի՛ր։

Այս ասելով, Ռոստամյանը պառավի մի ափում սեղմեց ծրարը, մյուսում մի թղթադրամ։ Պառավն երկմտությամբ նայեց նրա երեսին և անշարժ մնաց։

— Դեհ, գնա՛, ոչ ոք չիմանա, հասկանո՞ւմ ես, ոչ ոք։

Պառավը խորհրդավոր կերպով այս ու այն կողմ նայեց և քայլերն ուղղեց դեպի յուր տիրուհու սենյակը։

Ռոստամյանը մտավ ներս, երեսնիվայր պառկեց անկողնու վրա և խորասուզվեց մտածողության մեջ։ Ի՞նչ կպատասխանե, արդյոք, Վարվառեն կընդունե՞ իրեն, թե՞ ոչ, և ի՞նչպես կընդունե, ո՞րտեղ։ Յուր տան մեջ — չի կարող, Մինաս Կիրիլլիչն արթուն պահնորդի պես հսկում է, այժմ յուր աղջկա յուրաքանչյուր քայլր և միայն հսկում է, թե՛ տանջում է նրան յուր հարց ու փորձով, թե՛ նախատում է առավոտ ու երեկո կամ գուցե ավելի խիստ է վարվում կամ գուցե, յուր աղջկա համարձակությունը պատմելու համար, բարբարոսական միջոցներ է գործադրում։ Արդյոք, մի մարդ, որի մեջ պատվասիրությունը հիվանդություն է դարձել, կարո՞ղ է զսպել յուր կատաղությունը հարազատ դստեր դեմ, երբ այդ դստեր վարմունքը նա այնչափ դատապարտելի, այնչափ հանցավոր է համարում։— Ո՛չ, ամենևին։ Նա չարաչար կպատժի հանցավորին։ Եվ նա ուրիշ կերպ չի կարող վարվել, քանի որ այս է պահանջում նրա աշխարհայացքը, նրան շրջապատող ամբոխը։ Ամբոխը, որի կարծիքի առջև Մինաս Կիրիլլիչը դողում է, սարսափում է,