Էջ:Shirvanzade I hator.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հախիցդ էլ ավելի են տալիս քեզ, էլ ի՞նչ ես բղավում։

— Ավելը քեզ լինի, իմը տուր։

— Ա՛յ տղա, մեկ էլ չափիր, — դարձավ Մակար աղան մահուդ կտրող գործակատարին։

Գործակատարը չափեց։

— Մեկ, երկու, երեք, չորս, այս էլ ուղիղ հինգ, էլ ի՞նչ ես ուզում, ապեր։

— Ինձ տո՛ւր, — ասաց գյուղացին և մի անգամ էլ չափեց մահուդը։ — Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ դրուստ կես — էլ ի՞նչ ես ուզում, աղա, — ծաղրեց նա։

Մի անգամ էլ Մակար աղան չափեց և դարձյալ դուրս բերեց հինգ արշին ու մի չարեք։

— Ա՛յ մարդ, այսքանն էլ ավելի է, էլ ի՞նչ ես զահլես տանում։

Ծիծաղս եկավ։ Չարաբախտ մահուդի երեք մարդու ձեռքում երեք զանաղան երկայնություն ստանալն ինձ կախարդություն թվաց։ Վերջապես, երկար վիճաբանելուց հետո, Մակար աղան մի կերպ ճանապարհ դրեց գլխացավ գյուղացուն, մահուդը հետ վերցնելով։

Հենց որ վերջինն ոտը մագազինի դռներից դուրս դրեց, Մակար աղայի կատաղությունը սաստկացավ։ Նա բաց արավ յուր հիշոցների տոպրակը և սկսեց թափել միմյանց հետևից մահուդ չափող գործակատարի գլխին։

— Տասն անգամ քեզ ասել եմ՝ իմացիր ի՛նչ մարդու հետ գործ ունիս։ Ամեն մուշտարու հետ չի կարելի այդպես անել։ Աշխարհում միամիտները քիչ չեն, որ դու հետ եկածներին ես ուզում խաբել։ Մի անգամ էլ քո անզգուշութենով ինձ խաթաբալի մեջ կգցես, այն ժամանակ աստված ազատի, խայտառակ կլինիմ ամբողջ քաղաքում։

Լավ էր, որ շուտ-շուտ մուշտարիներ էին ներս մտնում, եթե ոչ գուցե Մակար աղան մինչև երեկո յուր զուռնան փչեր խեղճ գործակատարի ականջներին, որն երկյուղից սառել էր ու պատի տակ բևեռվել։ Իրիկնադեմին մագազինը կողպելու ժամանակ Մակար աղայի դեմքը կրկին փոխվեց, երբ գործակատար Գրիգորը