Էջ:Shirvanzade I hator.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միտքը պարզվում էին, նույնքան առողջ դատողություն էր անում այս կամ այն խոսակցության ժամանակ։ Կարծես, մարմնից պակասող ուժն ավելանում էր հոգու և մտքի կորովին։

— Ախ, ի՞նչ լավ օր է,— ասում էր նա այրիին, խորը խորշերի մեջ ընկած աչքերի լայնացած բիբերը դարձնելով դեպի փողոցի կողմի լուսամուտը։— Գիտեք, Նատալիա Պետրովնա, ես ձեր Թիֆլիսը շատ հավանեցի, շա՜տ, ոչ մի տեղ երկինքն այսպես պարզ և կապույտ չէ։ Հենց որ առողջանամ, մի օր միասին գնանք քաղաքից դուրս, հեռու, մի ամառանոց․․․

— Աստուծով, ասաուծով, դուք միայն լավացեք, գնալը հեշտ է,— սփոփում էր բարեսիրտ այրին, մայրական քնքշությամբ շոյելով նրա նիհար ձեռը, որ գծավորվել էր կապտագույն երակներով։

— Ի՞նչ է ասում բժիշկը, շո՞ւտ կազատվեմ անկողնից․․․ Գիտեք, երկար պառկելուց մեջքիս վրա խոցեր են գոյացել։

— Շուտով վեր կկենաս, որդի, շուտով,— պատասխանում էր այրին, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն վիշտը։

— Ես առողջ եմ, Նատալիա Պետրովնա, միայն այս հազն է մնում․ ձանձրացրել է ինձ։ Կարծես մեկը ներսից ձեռով կոկորդս քորում է․․․ ահա․․․ հը՛ հը՛ հը՛․․․

Նրա այտերն ու ականջները սաստիկ կարմրում էին, ճակատի երակները դուրս էին ցցվում, շրթունքները կապտում էին, աչքերի բիբերն ավելի լայնանում, տալով նրա դեմքին մի սարսափելի արտահայտություն, և նա մի ամբողջ րոպե չէր կարողանում ազատ շնչել։

Մի օր երեկոյան Մինաս Կիրիլլիչը միայնակ, վշտահար նստած էր աղջկա մահճակալի մոտ և մերթ մտիկ էր անում նրա դեմքին, մերթ հանդարտ շոյում էր նրա երեսը, ճակատն ու երկայն մազերը, որ անկանոն և շքեղ ալիքով սփռված էին սպիտակ բարձի վրա։ Հիվանդի աչքերը փակ էին․ սակայն նա քնած չէր, այլ գտնվում էր մի տեսակ անդորրության մեջ — անդորրությունն, որ առաջանում էր սաստիկ տաքությունից։

Օրը բավական մթնել էր, լուսամուտները բաց էին և իրիկնային թեթև զեփյուռը զովացնում էր տապացուցիչ օդը։