Էջ:Shirvanzade I hator.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև այսօր էլ վրես է մնացել, և ես իսկի էլ չեմ վշտանում, որովհետև այդ նշանակում է, որ ես ծույլ մարդ չեմ։

Բայց ամենից ավելի ես աշխատում էի Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, ձեռք բերել նրա կողմից քիչ թե շատ համակրություն։ Այս նպատակով ես ամեն ջանք գործ էի գնում, որ ոչ մի սխալով չգրգռեմ նրա բարկությունը դեպի ինձ, այլ ընդհակառակը որքան կարելի է սիրելի դառնամ նրա աչքում։ Ես ուսումնասիրում էի նրա բոլոր հատկությունները, որպեսզի նրանց համեմատ վարվեմ նրա հետ։ Ինչ տեսակ խոսակցություն, ինչ տեսակ շարժողություն, մինչև անգամ ինչպես ուտել, խմել, նստել, վեր կենալ, որ նրան հավանելի էին, նույն տեսակ էլ ես էի աշխատում խոսել, շարժվեի նստել, վեր կենալ և այլն։ Ես այս ամենը աչքի առջև ունեի, որովհետև ամեն օր տեսնում էի, թե ինչպես Մակար աղան բարկանում էր գործակատարների վրա ամենաչնչին սխալների համար և շատ անգամ սպառնում արձակել պաշտոնից այն գործակատարին, որը գործել էր այս կամ այն չնչին սխալը։ Օրինակ, մի օր նա մեկին մի քանի ապտակներ տալուց հետո քիչ մնաց, որ դուրս աներ մագազինից միայն նրա համար, որ խեղճը սխալմամբ մահուդի մի կտորը դրել էր չիթերի շարքում։ Մի խոսքով, չափաղանց մանրակրկիտ և բարկացկոտ մարդ էր Մակար աղան։ Հարկավոր էր շատ մեծ զգուշություն նրան դուր գալու համար։ Եվ ես ամեն կերպ աշխատում էի զգույշ վարվել։

Այսպիսով փոքր առ փոքր ինձ հաջողվեց Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, և օրեցօր հավանելի դառնալ նրա աչքում։ Նա հետզհետե սկսեց ինձ հանձնել այնպիսի գործեր կատարել, որոնք գործակատարի կողմից պահանջում էին քիչ թե շատ հավատարմություն։ Օրինակ, փող էր տալիս այս կամ այն վաճառականի մոտ տանելու կամ փոստ ձգելու, ուղարկում էր զանաղան տեղերից ապառիկներ ստանալու և այլն։

Մակար աղան ինձ համար մի ձեռք նոր հագուստ էր առել, որովհետև իմը չափաղանց պատառոտված էր։ Նա յուր անվան լայաղ չէր համարում այդ ցնցոտիների մեջ տեսնել ինձ։ Բավական փոխվել էի ես այդ նոր հագուստի մեջ․ էլ առաջվա հաչին չէի, ամեն անգամ մագազինում դրած ահագին հայելուն մտիկ տալիս