Էջ:The Architecture, Tom 1.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ փոսին մեջ ալ գտեր են բացեր, բլուրներ և անոնց վրա հաստատեր են իրենց բնակարանները, շուրջանակի հսկելով իրենց ոտերուն տակ փռված հպատակ ժողովրդին վրա:

Պարիսպի պարփակված տարածության գրեթե կեդրոնին վրա, հյուսիսեն հարավ երկնցած և արևելքեն արևմուտք շարված երեք մեծ քարաբլուրներ կան իրարու մոտիկ. սրանց ամենեն մեծը, արևմտյան կողմինը, պետք է որ առնվազն հարյուր հիսուն մետր բարձրություն ունենա: Մյուսները հաջորդաբար թե՛ կցածնան և թե՛ ծավալով ավելի կփոքրանան։ Ասոնց ամենն ալ առանձին պարսպապատ են և մեջերը ամբողջովին շինություն է իրենց տարածության չափով։ Ունեն նաև իրենց համար հատկապես շինված առանձին ճանապարհներ:

Մեծագույն բերդը առանձնապես խնամքով շինված է, պարիսպը կիսաբոլորակ բուրգերով շրջապատված է, դուռը դեպի հարավ կբացվի երկու բուրգերու մեջտեղ, թեև այժմ գրեթե փլատակ եղած է: Բերդի լայնությունը խիստ նեղ է. տեղ-տեղ հազիվ հասնի 15 մետրի, իսկ լայն տեղերը 30 մետրը չանցներ. այս բերդին հյուսիսային ծայրին վրա Գևորգ Մարզպետունիի հիշատակին առանձին շրջափակին մեջ հյուսիսային կողմը կգտնվի գետնափոր ճանապարհ մը՝ գաղտնի դուրս գալու համար:

Ամբողջ պարիսպին մեջը գրավված է զանազան ժամանակի շինություններով. ինչպես կհավաստեն մեզ, ամենամոտիկ ժամանակի շինության մնացորդները ևս կգտնվին: Շինությանց մանրամասնությունները որոշել շատ դժվար է առանց պեղումներու, կարելի է հետաքրքրական բաներ գտնվին այնտեղ, եթե պեղումներ կատարվին: Ս. Գևորգ եկեղեցիի վերաշինության ժամանակ որպես թե պատմական շատ բաներ գտնվեր են, սակայն ոչ մի բան չկա մեջտեղը և թերևս չափազանցություններ են:

Ոլորապտույտ ճանապարհը արևելյան լանջի վրա բավական մեծ աշխատությամբ իրագործված է. ամբողջ ճանապարհը գրեթե ժայռեր ջարդելով-փշրելով հարթված է: Սույն ճանապարհը երկու դռան կառաջնորդեր ի հնումն - մեկը հարավային անկյունին վրա, իսկ մյուսը՝ արևելյան ճակատին վրա, որն որ այժմ փլված է բոլորովին:

Այս բերդի հարավ-արևմտյան կողմի մեկ բուրգն է, որուն համար կըսեն, թե մաբողջ բարձրության վրա բոլոր քարերը առանձին տեսակ քանդակված են: Ինծի չհաջողեցավ այս ըսածին ճշմարտությունը լիովին ստուգել, որովհետև դիրքի անհարմարության պատճառով մոտեն տեսնել անհնար է, իսկ հեռվեն ալ իմ ձեռքս եղած դիտակով գոնե ինձ համար անհնար եղավ տեսնել և զանազանել քանդակները: Ճշմարիտ է, որ մի քանի քարերու վրա կան քանդակներ՝ մանվածո, վարդաձև և այլն, սակայն մյուս բոլոր քարերուն վրա թեև կերևին բաներ, միայն թե շատ անորոշ, պարզապես ես չկարողացա զանազանել անոնց մեջ մի որևէ որոշ ձև՝ անասունի, ծաղկի և կամ մի ուրիշ բանի:

Բերդի հիմիկվան շինությունը շատ հին չէ, հազիվ թե հասնի մինչև 10-11-րդ դարերը, իսկ անկեց առաջ, անպայման հավատալի է, որ ցածի մեծ պարսպին ժամանակակից պարիսպներ ալ եղած են այստեղ, բայց ամբողջովին քանդած և վերջին արվեստներու ճաշակով նորը շինած են։

Բագարանի ամրություններն այս բերդերով և զանոնք շրջապատող պարիսպներով չէին վերջանար, ամբողջ ձորամեջը, մինչև հարավային ծայրի վրա գտնված ս. Թեոդորոս եկեղեցին հասնելը, կտեսնվին մեծ ու փոքր ամրոցներու հետքերը. ս. Թեոդորոս եկեղեցին ևս ունեցեր է իր շուրջը բավական ամուր պարիսպներ, բայց այժմ հազիվ անոր հետքերը կերևան տեղ-տեղ։

Ս. Թեոդորոսի հյուսիս-արևելյան կողմը բարձր տեղի մը վրա այժմ կերևի մի բերդի թանձր պատ՝ քառակուսի բուրգերով, որուն այժմյան մնացածին երկայնությունը վաթսուն մետրեն ավելի է. մնացյալ մասերը կորած են, հայտնի չէ, թե որչափ տարածությամր տեղ կշրջապատեր, միայն թե մեջը բնակարաններու խիտ ավերակներ շատ են, ամենն ալ հսկա քարերով շինված։ Ահա այս բերդի ավերակներուն մեջ են հնագույն գերեզմանները, որոնց վրա մինչև 12-րդ դարու արձանագրություններ կան։

Եկեղեցիի հարավ-արևելյան կողմերն ալ կան ոչ նվազ հետաքրքրական մնացորդներ՝ թե բոլորովին հին դարերու և թե վերջին 10-12-րդ դարաշրջաններում ի միջի այլոց կա մի չափավոր մեծությամբ եկեղեցի, որ դեռ քանի մը տարի առաջ բոլորովին կանգուն է եղած, սակայն վերջերս բագարանցի մի հարուստ վաշխառու հրապուրվելով անոր քարերուն գեղեցկութենեն, սկսեր է քանդել գոմերն ու մարագները, ցորենի շտեմարանները շինելու համար։

Հնախույզներու համար Բագարանը յուր շրջանով մեծ աշխարհ մ'է ուսումնասիրության կարոտ - ոչ գրելով կվերջանա և ոչ նկարագրելով նպատակի կհասնի, մասնավոր գիտական արշավախումբեր են հարկավոր պատմական այս մեծ շտեմարանը մաղելու համար։ Ամեն կողմ ստորերկրյա անցքեր, գետնափոր դամբարաններ, հսկայական քարայրեր. այս վերջիններս մանավանդ ահավոր բարձրությամբ վերեն վար ուղղահայաց կերպով կտրված լեռներու ճակատին վրա, Մրեն տանող ձորին մեջ, սոսկատեսիլ ու ահարկու ճանապարհներ նույն լեռներու ճակտին վրա, որոնք կառաջնորդեն դեպի այդ անմերձենալի քարայրերը. և այս ամենը թողված է առանց հետաքրքրության և առանց ուսումնասիրության։

Գյուղացիք կպատմեն, թե այժմյան Միջին-գյուղ անվանված տեղին վրա, որ բավական բարձրկեկ բոլորշի բլուր մ'է, մեկը նոր շինելիք տան հիմերը փորելու ժամանակ կգտնե բազմաթիվ հետաքրքրական ձևերով ուլունքներ, ոսկի և արծաթ դրամներ, ի միջի այլոց՝ փոքրիկ կռոց արձաններ։ Այս արձանները իբրև խաղալիք մանր տղայոց ձեռքը տվեր են, որոնք ժամանակ մը անոնց հետ խաղալեն հետո փշրեր ու ոչնչացուցեր են: Ուլունքներեն դեռ պահված ունին իրենց մոտ, սակայն առասպելական գիներ երազելնուն պատճառով ես չկարողացա քանի մը հատ ծախու առնել անոնցմե Անիի հնադարանի համար։