Էջ:The Architecture, Tom 1.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ընդհանրացած և հաճելի դարձած մի ոճ էր արտաքին դռների ամբողջ ճակատներ և առաստաղներ աստղաձև մոզայիկներով զարդարել և այդ մոզայիկներու յուրաքանչյուր քարը առանձին տեսակ քանդակել։ Դռների ճակատներ կան, որոնք հարյուրավոր աստղաձևերով, տարանկյունի, բազմանկյունի, կամ քառակուսի հարյուրավոր քարերով են կազմված, և այդ քարերուն յուրաքանչյուրը առանձին տեսակ նուրբ ու մանրիկ քանդակներով զարդարված է: Այս ոճի դռներեն են Բագրատունյաց պալատ կարծված շենքին դուռը, գագկաշեն բոլորակ ս. Գրիգորի մոտ պեղումներով բացված մի դուռ, և մասնավորապևս ուշադրության արժանի են վերջին տարիներս պեղումներով բացված զույգ մը վաճառատանց արտաքին դռներ։ Այս վերջինս ոչ միայն իր արտաքին մոզայիկներով նորություններ բերեց, այլև մեզ բավական գաղափար տվավ վերջին անեցիներուն շուկաներուն և վաճառատներուն վրա։

Զույգ վաճառատները շատ հետաքրքրական են իրենց ներքին ընդարձակ բացօթյա բակով և երկհարկանի շուրջանակի փոքր սենյակներով, որոնք առանձին խանութներ էին հավանաբար, ինչպես որ այժմ ալ շատ կան նույն ձևերով խաներ Տաճկաստանի ու Պարսկաստանի քաղաքներուն մեջ։ Ներսի կողմեն ոչ նվազ վայելուչ էր վաճառատունը իր գեղեցիկ moulure-ներով շրջապատված դռներով, գույնզգույն քարերով իրարու մեջ հագցված դռների ճակատներով։ Ինծի կթվի, թե այդ զույգ վաճառատանց փողոցին վրա տակավին որոշ չափով պահված կան նմանօրինակ շենքեր, որոնց պեղումը խիստ շահեկան նորություններ պիտի տա անեցվոց առևտրական կամ վաճառականական կյանքին վրա (նկ. 260)։

Արդյո՞ք ամբողջ քաղաքը պճնազարդված էր այսպիսի գեղարվեստական շքեղ շենքերով, որ, երբ Չարմաղանը քաղաքը առավ, առաջին անգամ հափշտակված անոր ընդհանուր վայելչութենեն, անմիջապես հրամայեց, որ քաղաքը կոտորեն ու թալանեն, սակայն միանգամայն անվնաս պահեն բոլոր արհեստավորները։ Ուստի կանանց և աղջիկներու հետ միաժամանակ զատեցին բոլոր արհեստավորները և բանակին հետ գերի վարեցին։ Անտարակույս, Չարմաղանի նպատակն էր նույն արհեստավոր գերիներու ձեռքով շենցնել այն վայրենի ու խոպան երկիրները, ուր իր կյանքը անցուցեր էր:

Միջնաբերդի պեղումները մեզի ցույց տվին անեցի արհեստավորներու փայտի վրա փորագրելու մեջ ունեցած բարձրագույն կարողությունը։ Հյուսիս-արևելյան մեծ սրահին մեջեն գտնվեցան զարդաքանդակ փայտյա աղեղներ, որոնք հունաց ժամանակ կանգնված քարե սյուները կմիացնեին իրարու. այս աղեղները, թեև այրած ու ածխացած, սակայն բնավ չեն կորած անոնց վրա աննման ճարտարությամբ փորագրված ծաղկազարդություններն ու թռչնոց բարձրաքանդակ պատկերները։ Փայտի քանդակագործության Բագրատունի շրջանեն մնացած նմուշներ ալ գտնվեցան այն ժամանակի ոճով, սակայն երբեք չէ կարելի համեմատել Զաքարյան շրջանի քանդակագործության դանակի ճարտար հարվածներուն հետ, որոնց ներքև կոշտ փայտը արտակարգ կենդանություն ստացեր է։ Միջնաբերդի պեղումներու ժամանակ, պալատի հարավային մասին մեջ, ուր կա ջրամբարը, գտնվեցան գույնզգույն նկարազարդված առաստաղի տախտակներ, որոնց գեղարվեստական ոճը շատ համեմատություններ կներկայացներ ածխացած փայտի քանդակագործության հետ։ Անտարակույս, այս երկու սենյակները միաժամանակ գեղազարդված էին նույն ժամանակին պալատին տիրացող իշխանապետի մը ճաշակին համաձայն, բայց ե՞րբ, ո՞ր իշխանի օրով, այդ չէ կարելի ճշտիվ որոշել, սակայն անոր հավանական ժամանակը կարելի է դատել արվեստագործության ոճեն, որուն համանման նմուշները շատ կան դուրսը, քաղաքին մեջ, քարերու վրա փորագրված և ունենք ժամանակագրական ստույգ տեղեկություններ անոնց մասին։ Շատ պարզ է, որ նախքան Զաքարյան այս ոճը ամենևին գոյություն չուներ Անիի ու շրջակայից մեջ, իսկ մեծ Զաքարեի օրով, այսինքն 13-րդ դարու սկզբին ալ նույնքան կատարելության հասած չէր, որպիսին է փայտի փորագրությունը։ Լուսավորիչ և Կզկալայի եկեղեցիներն ունեն այս ոճի նմուշները, բայց անոնց մեջ ոստերու ավելի բնական ճկումներ, տերևներու ավելի շնորհալի համաչափություններ չկան, ինչպես փայտի քանդակի վրա, բնականաբար ավելի ուշ ժամանակի զարգացած արվեստի արդյունք է փայտի քանդակագործությունը։ Բայց որ 14-րդ դարու չի հասներ, դարձյալ ապացույցը կգտնենք անոր տերևներու ոճին մեջ, որովհետև 14-րդ դարում նույն մանվածոներու մեջ տերևներու մի առանձին ոճ կա, որ 13-րդ դարուն մեջ անկարելի է գտնել, և հատուկ է միմիայն 14-րդ դարուն։ Հետևաբար, պալատի քանդակազարդ փայտյա աղեղներուն ամենահավանական ժամանակն է 13-րդ դարու առաջին և վերջին կեսերուն մեջտեղ։

Զաքարեի կյանքի կարճ տևողությունը միանգամայն աղետաբեր եղավ ոչ միայն Շիրակի ու անմիջական շրջակայքի, այլև ամբողջ հայաբնակ գավառներու համար. անոր կյանքով վերջացավ այն ահ ու սարսափը, որ տարածված էր շրջապատող ցեղերու վրա, և կամաց-կամաց սկսեցին անոնք իրենց շահատակությունները հեռվեն:

Զաքարեի մահվամբ երկրին հասած քաղաքական ու տնտեսական անփոխարինելի վնասը անմիջապես զգալի չեղավ բնակչության, ժողովուրդը կկարծեր, թե Զաքարեի հեռատես քաղաքագիտությամբ, հեռատես և լուսամիտ վարչականությամբ ստեղծված ապահով կազմակերպությունը պիտի կարողանան պահել անոր հաջորդները և նույնքան անձնվիրությամբ ու բարեխղճությամբ պիտի պաշտպանեն հանրության շահերը։ Ահա այդ համոզման և ծայրահեղ վստահության հետևանքն էր, որ իրենց ուժի և կազմակերպության վրա վստահ անեցիներն առանց վայրկյան մը իսկ վարանելու, անարգանոք սպանեցին Չարմաղանի դեսպանները, սակայն շատ շուտով քաղեցին իրենց անխոհեմ վարմունքի և անմիտ վստահության դառն պտուղը։ Իրենց արժանավոր կարծած իշխանները, լքված, փախստական եղան՝ իրենց կյանքն ու գույքը ճակատագրին