Էջ:The Architecture, Tom 1.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պալատը, բացի արքունիքի ընդարձակ պարիսպեն, շրջապատված էր նաև առանձին շրջափակով մը՝ 27-են մինչև 30 մետր հեռավորության վրա, ուրկեց դուրս ձգված էին նախնի արքայազուններու հատուկ հինգ տոհմային փոքր եկեղեցիները, բացի պալատի հնագույն սագաշեն եկեղեցիեն և անոր կից մատուռեն, որն որ անկարելի էր: Մահմեդականներու օրով այս եկեղեցին ևս իբր մզկիթ գործածված կերևի, որովհետև քանդակազարդ որմնասյանց խոյակներու վրա գտնված մարդոց և կենդանիներու գլուխները միայն տաշեր են, առանց մազի չափ վնասելու ուրիշ քանդակներու:

Անաղարտ մնացած տնային կահկարասիներ բնավ չերևցան. ընդհանրապես հախճապակիներու և խեցեղեններու փշրանքներ էին գտնվածները, բայց չնայելով անոնց փշրված վիճակին, քանի մը դարաշրջանի աննման արվեստագործական նմուշներու մեծ հավաքածո մը կազմվեցավ անոնցմով, մինչև իսկ փյունիկյան ապակիներ գտնվեցան անոնց մեջ:

Մինչև բերանը հողով լեցված հորե մը գեղեցիկ ու ներդաշնակ գույներով ծաղկազարդված և ոսկեզօծված ամենաընտիր տեսակի հախճապակիի կտորներ դուրս եկան:

Պալատի զանազան մասերուն մեջ գտնվածներն ալ, թեև ավելի նորագույն ժամանակի, բայց շահեկանութենե զուրկ չէին: Իր տեսակին մեջ խիստ հազվագյուտ կանաչագույն մի աման բարձրաքանդակ ծաղիկներ և արաբերեն վերտառություններ ուներ վրան՝ խիստ ճարտարորեն նկարված. ուրիշ երկու ամաններու մեջ նկարված էին արևելյան առասպելներե առնված՝ ուրախության և վշտի ոգիները՝ թագագլուխ և թևավոր աղջկա կերպարանքով. մի ուրիշ կտորի վրա մնացած էր մարդու մը ուսը, որուն վրա կերևեր այսօրվանին զարմանալի նմանությամբ զինվորական ուսնոց մը: Բազմաթիվ գունագեղ ծաղկանկար փշրանքներու մեջ շատ հետաքրքրական է կտոր մը, որուն վրա գույներու կատարյալ ճշտությամբ նկարված է Անիի ձորերուն մեջ առատորեն բուսնող մանուշակագույն ծաղիկը՝ ցողունով և տերևներով միասին: Հողե ամանի կտորներ պատահեցան բարձրաքանդակ հայերեն տառերով:

Ուշագրավ էին երկու մատանիներ, որոնց մեկուն բյուրեղանման սպիտակ ակին վրա հազիվ նկատելի փոքրությամբ երկու տող արաբերեն գրված էր անհավատալի նրբությամբ, իսկ մյուսին պարզ բրոնզյա ակին վրա քանդակված էր մի թռչուն: