Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

934 Ու կտրինճներն՝ անդուստ ելած, անցան այդ օր մեկ–միասին․
Հասան ծովափ, այնտեղ իջան, էլ ցամաքում չշրջեցին։
Չանջատվեցին և այդ գիշեր, բաժանեցին ցավերն իրար,
Եվ ողբացին դառն արցունքով բաժանվելու դեպքի համար։

935 Եվ Ավթանդիլն ասաց նրան. «Տես արցունքիս գետը ցամքեց,
Դու զո՛ւր թողիր Ֆրիդոնին, որ ձին այդ քեզ իր նվիրեց,
Արեգակիդ մասին գուցե տեղեկանանք անդուստ մի լուր,
Ես անդ կերթամ, եղբայրացուդ՝ ո՞ւր է, ասա՛, ճամփան ցույց տուր»։

936 Եվ Տարիելն ասաց մեկ-մեկ առ Ֆրիդոն տանող ճամփան,
Հասկացրեց իր կարու չափ, պատմելու կար ուներ որքան,
«Ծովի եզրով պիտի գնաս դեմքդ արած դեպ արևելք,
Կհարցնի եղբոր մասին՝ պատմի՛ր, իրար թե հանդիպեք»։

937 Այծամ զարկին ու քարշ տված՝ կրակ արին ծովի ափին,
Եվ խմեցին, կերան՝ որքան վայելում էր վշտոտ մարդին,
Գիշերն իրար հետ մնացին, մի ծառի տակ և քուն մտան
Պարսավո՛ւմ եմ բախտը ես նենգ՝ մերթ առատ, մերթ՝ ժլա՛տ այնքան։

938 Ծեգին ելան, որ բաժանվեն, պինդ գրկեցին նրանք իրար,
Թե ինչ ասին նրանք այնժամ՝ ով որ լսեր՝ կթուլանար,
Իսկ աչքերից, ինչպես ակնից, բխեց աղբյուրն արտասուքի,
Գիրկ ընդ գրկի կանգնած երկար՝ սեղմել էին կուրծքը կրծքի։

939 Բաժանվեցին, լալիս էին, այտը ճանկռում, մազեր փետում,
Մեկը՝ վերև, մեկը ցածում՝ ճամփայազուրկ խուլ շամբուտում,
Մինչ իրար դեռ տեսնում էին՝ կանչում էին տխուր իրար—
Արևը թե տեսներ նրանց, նրանց վշտով կվշտանար։