Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1154 Երբ արքան ու Ուսենն ինքը դատարկեին բազում թասեր,
Նորից լցրին, դատարկեցին բաժակ ու փարչ շատ անգամներ,—
Նա մոռացավ ամեն երդում, մուսաֆ, մաքանն ուր մնացին,
Ճիշտ է ասված՝ ինչի՞ն է պետք—վարդն՝ ագռավին, պոզերն՝ իշին։

1155 Մեծ թագավորն ասաց հարբած, անխելամիտ իմ ամուսնուն.
«Զարմանում եմ՝ որտե՞ղ գտար ակները, որ ինձ ես ձոնում,
Այսպես խոշոր մարգարիտներ, լալ աննման այսպես պայծառ,
Անձս վկա, քեզ դրանց տեղ՝ տասերորդն էլ չեմ կարող տալ»։

1156 Ուսենը խոր գլուխ տվեց, ասաց. «Արքա վսեմափառք,
Երկնային լույս սփռող արև, էակներին պարգևող կյանք,
Ինչ որ ունեմ ո՞ւմն է արդյոք, գանձը, ոսկին ո՞վ է տվել.
Իմ մոր փորից հո չեմ բերել, չէ՞ որ հենց դո՛ւք եք շնորհել։

1157 Անձդ վկա, մի լեր, արքա՝, շնորհակալ դրա համար,
Ես մի ուրիշ ընծա ունեմ՝ հարսնացու ձեր որդու հարմար,
Շնորհ կանեք այնժամ իրոք՝ այն արևին երբ դուք տեսնեք,
Եվ երջանիկ ձեր վեհության շնորհները կառատացնեք»։

1158 Դրժեց խոստումն, ուժն հավատի, էլ չեմ ուզում խոսել երկար,
Պատմեց նա իմ հյուրի մասին, արևից էլ որ էր պայծառ.
Թագավորին դուր էր եկել, ուրախացել սիրտը շատ-շատ,
Հրամայել պալատ տանեն՝ ինչպես Ուսե՛նն էր ասել այդ։

1159 Իմ տանը ես հանգիստ նստած, անակնկալ սիրտս տնքաց,
Երբ ճորտապետն արքունական իմ տան դիմաց կանգնեց հանկարծ.
Ինչպես կարգն էր արքայական՝ վաթսուն ծառա իր հետ ուներ.
Ես ապշեցի և հասկացա՝ գործն այս վերին պիտի լիներ։

1160 Սալամ տվին և ասացին. «Հրաման տվեց, Ֆաթմա՛ն, արքան,
Որ մեզ հանձնես քեզ մոտ եղած արևադեմ այն աղջկան,
Որին Ուսենն իբրև ընծա՝ տվեց այսօր թագավորին»։
Կարծես գլխիս երկինք պայթեց, զայրույթն աստծո դիպավ սարին։

1161 Ես զարմացած ասի նրանց. «Ի՞նչ աղջիկ եք ուզում, որի՞ն»
«Շողափայլ է դեմքը որի՝ Ուսենն ասաց թագավորին»։
Էլ ելք չկար, օրհասական ժամն էր արդեն ինձ մոտենում.
Դողում էի՝ էլ ոչ նստել, ոչ էլ կանգնել կարողանում։