Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1540 Եվ հաջորդ օրն արաբների արքան սարքեց խնջույք նույնպես,
Ու Տարիելն այսպես ասաց. «Տեսքն արևիդ հաճույք է մեզ։
Արքան ես դու արքաների, իսկ նա՝ չքնաղ մեծ թագուհին,
Արժե՝ պայտը ձեր ոտքերի՝ հանց օղ կախենք մեր ականջին։

1541 Ձեզ հավասար բազմելը մեզ՝ չի վայելում, արքա՛ ով մեծ»
Իրեն գահից փոքր ինչ հեռու արքայական այլ գահ դրեց.
Ցած բազմեցին թե՛ Ավթանդիլ, թե՝ Թինաթին՝ պատշաճ դիրքին,
Տարիելն ինչ շնորհ կալավ—կիտվեց հանց մի սար ահագին։

1542 Արաբների արքան այդօր հյուրասիրում էր փառավոր,
Սրան, նրան էր մոտենում, կարծես թե նա չէր թագավոր,
Գովում էին հյուրերն ամեն առատությունն այդ անսահման,
Ֆրիդո՜նն՝ ի քով Ավթանդիլի՝ սովոր պատվին արքայական։

1543 Արքան ապա հինդ աղջկան ու ամուսնուն էր մեծարում
Ինչպես իրեն հարս-փեսային՝ սեր ու նվեր նրանց ձոնում.
Ինչ նվիրեց՝ տասներորդի հաշիվն անգամ մարդ չի անի,—
Ամեն մեկին՝ թագ ակնազարդ, մի գայիսոն, մի ծիրանի։

1544 Դարձյալ տվեց նա երկուսին ճոխ նվերներ նրանց արժան,
Հազար հատ ակն անզուգական, ծնված հողից ռոմանական,
Կրկին հազար հատ մարգարիտ՝ աղավնու ձու՝ խոշորությամբ,
Հազար նժույգ սիրունատես՝ բլուր որպես՝ իր մեծությամբ։

1545 Ինն սկուտեղ Ֆրիդոնին տվեց լեցուն մարգարիտով,
Եվ պարգևեց ինը նժույգ՝ շատ թանկագին սարք ու թամքով։
Գլուխ տվեց վեհ, իմաստուն, և ոչ հարբած, Հնդկաց արքան,
Թեպետ գինով, բայց և խոնարհ՝ շնորհակալ եղավ նրան։

1546 Խոսքս էլ ի՞նչ զուր երկարեմ՝ մեկ ամսվա օրեր անցան,
Զվարճանում էին ուրախ, գինարբուքից միշտ անբաժան,
Եվ դեռ տալիս Տարիելին — նվեր նոր-նոր, անգին ու լալ,
էուսավորե՛լ էր բոլորին շողքը նրանց արևափայլ։

1547 Վարդի նման էր Տարիելն, իջել էր ձյուն կարծես դեմքին,
Ռոստանի մոտ՝ իբրև միջնորդ, նա ուղարկեց Ավթանդիլին,
Հայտնեց. «Քեզ մոտ ինչքան եղա՝ մեծ խնդություն ես զգացի,
Բայց լուր ունեմ՝ երկիրս ամբողջ ենթարկվել է ավերածի։