Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

531 Նա մեղմացավ ու փայփայեց, նա, որ հուզվա՛ծ էր, զայրացած,
Արև էր նա գետին իջած և կամ լուսին լրման հասած.
Առավ ապա ինձ իր կողքին, ինչ չէր արել՝ արժան արեց
Ու զրուցեց ինձ հետ մեղմիկ, հոգիս ընկած հուրը մարեց։

532 Դարձավ ապա. «Խելոքն իրոք երբեք-երբեք չի շտապի.
Լավը որն է՝ հենց այն կանի, նա՛ պիտ բախտին համակերպի։
Թե փեսային գալ խանգարես, կբարկացնես դու արքային,
Դուք իրար դեմ կռիվ կելնեք՝ ավե՛ր կգա Հնդկաստանին։

533 Իսկ թե թողնես փեսացուին, որ նա ինձ հետ ամուսնանա,—
Կբաժանվենք մենք իրարից, մեր ծիրանին կսևանա,
Նրանք հաղթով մտնեն երկիր՝ հարյուրանա՞ պատիժը մեր.
Այս լինելոց բան չէ հարկավ, որ պարսիկը դառնա մեզ տեր»։

534 Ես ասացի. «Աստված չանի, որ նա դառնա քեզ ամուսին,
Երբ որ մտնի նա Հնդկաստան, ծանոթանամ նրա դասին —
Ես ցույց կտամ ուժս նրան, թե խիզախ եմ մարտում որքան,
Այնպես ջարդեմ՝ անզոր դառնա ու անկարող նա օգնության»։

535 Հրամայեց. «Կինը՝ կին պիտ, գործը՝ նույնքա՛ն և կանացի,
Անկարող եմ՝ արյուն հեղես, և կամ միջնեմ՝ թշնամածի,
Երբ փեսան գա՝ դու սպանիր, զորքը նրա թող անվթար,
Զի դատ անելն արդարացի՝ չոր փայտն անգամ կանի դալար։

536 Այսպես արա, դու իմ առյուծ, հերոսների մեջ աննման,
Դու փեսային գա՛ղտ սպանիր, զորքերն անգամ որ չիմանան,
Մի՛ կոտորիր զորքը նրա իբրև տավար կամ գրաստոց —
Ինշպե՞ս առնի մարդն իր վրա արյունն անմեղ կոտորածոց։

537 Երբ որ նրան դու կսպանես, ասա տիրոջ՝ հորը դու իմ,
Թե. «Չեմ թողնի՝ որ Հինդը մեր գերի դառնա պարսից զորքին.
Ես եմ ժառանգն այս տիրույթի, չեմ տա նույնիսկ մեն մի դրամ,
Թե չես թողնի-քաղաքներդ ավեր կանեմ, դաշտ անխնամ»։

538 Երբեք չասես՝ սիրում ես ինձ, ոշ էլ անգամ՝ ինձ կին առնես,
Դու այսպիսով՝ դատդ ավելի արդարացի, հաստատ կանես։
Այն ժամ արքան՝ վիզը ծռած՝ կխոնարհվի և կզիջի,
Դարձիր ապա տերը գլխիս, մեկտեղ բազմել մեզ կսազի»։