Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց ամբողջական կապակցվածության մեր ուժերը ներածին չափ ճիշտ ընկալումը conditio sine qua non է, այսինքն այն պայմանը, առանց որի անհնարին է ճիշտ վերաբերմունքը դեպի ուսմունքի կամ տեսության ամեն մի մասը, անհնարին է կոնկրետ մոտեցումը դեպի լեզվի կառուցվածքն ու սիստեմը, դեպի նրա բոլոր առանձնահատկությունները որպես կենսական երևույթներ, այլ ոչ թե աբստրակցիա կամ սխեմա։

Հենց այդ պատճառով էլ մենք խոտանեցինք մեր իսկ կազմած լեզուների ծննդաբանական ծառը, որը արդեն հրատարակվել է „О происхождении языка“ հոդվածում։ Մի շարք դասախոսություններով մենք ջանացինք ծանոթացնել ձեզ լեզուների այն բոլոր բարդ փոխհարաբերություններին, որոնք գիտնականները սովորաբար այնքան պարզ ու միամիտ ձևով մերձեցնում են մինչ այն աստիճան, որ ընդունում են հատուկ նախահայրերից ծագելը և անջատում են մինչ այն աստիճան, որ ընդունում են հատուկ ռասայական ըտանիքներ՝ նրանց այսպես կոչված ազգակցական և ոչ-ազգակցական գծերով, իսկապես ասած նրանց զուգադիպություններով ու տարընթացություններով տնտեսա-պետական կարգի աղբյուրում։ Նրանց բարդ կենսական կոնկրետ փոխհարաբերությունները իրենց արտահայտությունը չեն գտնել նաև որոշ ուղղումներով ձեր ուշադրությանն առաջարկած մեր ծննդաբանական ծառի մեջ, որ առել էինք վերոհիշյալ հոդվածից։ Մենք փորձեցինք միայն կառուցել լեզուների կապակցվածության դիագրամային նոր ֆիգուրա, և վաղօրոք դատապարտեցինք ևս մի ուրվագծվող փորձ, որ բովանդակում է հաբեթական լեզուների պատկերումն առանձին և աշխարհի բոլոր մնացած լեզուներինն առանձին։ Ընդհանուր առմամբ մենք կարողացանք միայն նշել ակնառու կենսունակ դիագրամ կառուցելու համար անհրաժեշտ նյութը, բայց բուն դիագրամը չտվինք, նրա իրագործումը, որպես զուտ տեխնիկական պրոբլեմ, ապագային թողնելով։ Բայց իրագործումը հետաձգելու հիմք ունի ոչ միայն առաջադրանքի տեխնիկական չիրագործվածության պատճառով։ Կան ավելի էական դժվարություններ: Մենք չենք խոսում լեզուների գոյություն ունեցող սիստեմների գեթ բոլոր հիմնական ներկայացուցիչների տակավին անբավարար հաբեթաբանական մշակության մասին, այն մասին, որ առհասարակ բոլորովին չուսումնասիրված և գիտության մեջ մինչև իսկ անծանոթ են շատ և շատ լեզուներ, դրանց թվում