Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ չափով նպաստում են վերև մեջ բերված ֆորմուլի կործանմանը և հիմք են տալիս բոլորովին այլ տեսակետ մշակելու Արևելյան Եվրոպայի դաշտային մասի կուլտուր-պատմական բնության նկատմամբ միջին դարերում։

Պարզ է, որ այս զեկուցումը լրիվ չափով պետք է ունենալ տպագրված, որպեսզի ավելի լրիվ մեկնաբանվի դասընթացում բաց թողնված պարագրաֆի սյուժեն։

Ամենից քիչ է անհանգստացնում այն, որ դասընթացի ընթերցումը չընդգրկեց նաև ծրագրի նախորդ պարագրաֆի (49) թեման, այն է «Հաբեթական լեզվաբանության տեսության կապը հնդևվրոպական լեզվաբանության հետ և նրա կախված լինելը վերջինից իբրև լեզվի ուսմունքի զարգացման հետագա փուլ» և այլն: Այստեղ բանը վերաբերում է ոչ միայն հաբեթական լեզվաբանության հիմնական դրույթները հակադրելուն, անկասկած իբրև անտիթեզ հնդեվրոպական լեզվաբանության հենց հիմնական դրույթներին, այլև այն բանին, թե ինչն է հին լեզվաբանական ուսմունքից պահպանում իր ակտուալ նշանակությունը նաև լեզվի նոր ուսմունքի համար։ Կհասնենք մենք դրան անձամբ թե ոչ, այդ ուրիշ հարց է, բայց հաբեթաբանությունը կհասնի այն օրվան, երբ հնդևրոպաբանները իրենք մեծ օգուտ բերելով թե գործին և թե իրենց՝ ձեռնամուխ կլինեն այդ շնորհակալ թեմային, իհարկե ջանալով նախապես իրական պատկերացում ստանալ հաբեթական տեսության թե փաստական և թե տեսական պնդումների մասին մինչև ռեալ կերպով պարզաբանված նոր պրոբլեմների վերաբերյալ անվիճելի, վերջնականապես հիմնավորված դրույթների ու հիպոթեզների տարբերման աստիճանը։

Մնացած երեք պարագրաֆներից (46, 47, 48) վերջին երկուսը, հատկապես իմաստաբանությունը, որ լուսաբանվել է դասընթացի զանազան մասերում և իմաստաբանական դարաշրջանները, որ սերտորեն կապված են նյութական կուլտուրայի և հասարակայնության պատմության դարաշրջանների հետ, այժմ կարող են շրջանցվել առանց գործին վնաս պատճառելու մասամբ վերև հիշատակված հանգամանքներով, բայց չի կարելի բաց թողնել դրանց նախընթաց պարագրաֆը (46), առանց նրա բովանդակությունը գեթ համառոտակի շարադրելու ավելի ևս շատ կողմնորոշվելու նպատակով, քան այդ տրվում է ծրագրում։